ԿարևորՔաղաքական

ԱԺ- ն «Հրազդան Ցեմենտ»- ին արտոնություն չտվեց (լրացված)

տեղադրվել է ժամը 13։11- ին
լրացվել է ժամը 18։08- ին

lusinevasilyan

Խորհրդարանում այսօր քառօրյայի երկրորդ օրվա աշխատանքը սկսել են Երևանում ավտոբուսի պայթյունի  և սահմանային իրավիճակի անդրադարձով:  ԱԺ փոխնախագահը ցավակցել է զոհվածների հարազատներին, վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել, իսկ պատգամավորները մտահոգություններ են հայտնել   պաշտոնական կառույցների տրամադրած տեղեկատվության օպերատիվության ու վստահելիության մասին: Իրավիճակի գնահատականներից ու պարզաբանումներից հետո պատգամավորներն անցել են օրենսդրական աշխատանքին՝ շարունակելով Ընտրական օրենսգրքի նախագծի՝ երեկ սկսված քննարկումը: Բայց մինչ այդ` անակնկալ շրջադարձ է արձանագրվել այսօր նախատեսված միակ քվեարկության ժամանակ:

 

Խորհրդարանն այսօր   քվեարկությամբ   մերժեց  «Հրազդան ցեմենտ» գործարանին  հարկային արտոնություններ տրամադրող օրինագիծը: Նախագիծն, ի դեպ,  երկու ընթերցումներով ընդունվել էր նախորդ քառօրյաների ընթացքում, այսօր քվեարկվում էր երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Սա, ի դեպ, օրենսդրական առաջին լուրջ նախաձեռնությունն էր, որը  խորհրդարանի դատին ներկայացնում էր էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը:  Օրինագծին կողմ էր քվեարկել 53- ը, ձեռնպահ 1- ը։ Այսինքն՝ չէր ընդունվել՝ անհրաժեշտ քվորումի բացակայության պատճառով։ Ընդդիմադիրներինն էին, որոնք քվեարկությանը չմասնակցեցին:  ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու Ժառանգությունը դեմ էին օրինագծին:

Նախագիծը, հիշեցնենք, նախատեսում էր «Հրազդան-Ցեմենտ» ընկերությանը  ազատել մինչև  2016թ. փետրվարի 1-ը  հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով: Ըստ կառավարության՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետևանքով ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա` արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ:

Ի դեպ, պարտքը, ըստ կառավարության,  կուտակվել է  նաև ոչ բավարար մենեջմենթի պատճառով: 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ ընկերության  ընդհանուր պարտքը կազմել է 933 մլն դրամից ավելի: Արդյուքնում ՝ «Հրազդան-Ցեմենտ»-ի ողջ գույքը և բաժնեմասերը վարկի դիմաց գրավադրվել են «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ում, դրանց սեփականության իրավունքը  անցել է բանկին:

Բաժնետոմսերի ճակատագիրը որոշող քվեարկությունից առաջ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ տույժերը պետք է վճարի գործարանի նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, Նաիրա Զոհրաբյանը նախկին սեփականատիրոջը ՙպեղել- գտնելու՚ կոչ արեց, Հեղինե Բիշարյանն էլ  առաջարկեց՝ եթե խոշոր ընկերության պարտքերը ներվում են, ապա քաղաքացիներինն էլ պետք է ներվեն:  «Սա մեր զինվորների և մեր պաշտպանության գումարներն են, դեմ քվեարկեք»:

Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չմասնակցեցին , քվորում չապահովվեց, ինչի արդյունքում  նախագիծը  չընդունվեց: Ի դեպ, միակ դեմ քվերակողը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանն էր:

Հաջորդն օրակագում  Ընտրական օրենսգրքի նախագիծն էր:  Դրա քննարկումը սկսվել էր երեկ, ընթացավ այսօր, կշարունակվի նաև վաղը: Հիմնական զեկուցող կառավարության  ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը պատասխանել  էր  մի քանի տասնյակ տարատեսական  հարցերի՝ տեխնիկականից մինչև բովանդակային ու քաղաքական:  Ի դեպ, քաղաքական հարցադրումներից հիմնականը կայուն մեծամասնությանը վերաբերող դրույթն է: Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ավելի դեմոկրատական կլիներ կայուն փոքարմասնություն մասին դրույթ ունենալը: Բայց նրա հիմնական հարցն այլ էր՝ նախագիծը մի կողմից կայուն մեծամասնության դրույթն է ամրագրում, մյուս կողմից բարձարցնում է օրգանական օրենքների ընդունման համար անհրաժեշտ ձայների շեմը, ինչը  ընդդիմության լիազորությունների մեծացման համատեքստում  է ներկայացվում, բայց Բագրատյանի հաշվարկներն այլ բանի մասին  են խոսում:

Ընտրական օրենսգրքի քննարկումը շարունակվելու է նաև վաղը՝ պատգամավորների ու խմբակցությունների ելույթներով:

 

Կարդացեք նաև

Back to top button