
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարություն է տարածել Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ: «Թուրքիայի բնակչությունը բավականին ուշացել է տարածաշրջանն ամայացրած հանցանքների հետ առերեսվելու հարցում և դրա համար շարունակում է ծանր գին վճարել. միատարր հասարակություն ստեղծելու համար հայերից հետո հարձակվում է նաև այլ ժողովուրդների վրա: Հրանտ Դինքի և Սևակ Բալըքչըի սպանությունները ցեղասպանության շարունակությունն են»,- ասված է հայտարարության մեջ:
«Թուրքիան պիտի ընդունի ցեղասպանությունը: Արդար ապագա կառուցելու համար ժողովուրդները պետք է միասնական ու վճռական պայքար մղեն: Որպես Անատոլիայի տեղաբնակ ժողովուրդների ժառանգներ` առերեսվում ենք 101 տարվա ամոթի հետ, մեր սրտում զգում ենք տեղի ունեցած մարդկային ողբերգության ցավը, տխրությամբ ու հարգանքով ոգեկոչում ենք մահացածների հիշատակը»-, նշվում է հայտարարության մեջ:




