Հասարակություն

Գազի կալորիականությունից մինչեւ կշեռքի անճշտություն. Երեւանում են ստանդարտացման մասնագետները

lenabadeyan
Երեկվանից Հայաստանում են 10 երկրի չափագիտական հիմնարկների ներկայացուցիչները՝ Պետական չափագիտական հիմնարկների եվրո-ասիական համագործակցության 26-րդ նիստին մասնակցելու համար: Կառույցը հիմնադրվել է 1991 թվականին, անդամակցությունը հնարավորություն է տալիս մասնակից երկրներին առավել արդյունավետ լուծել իրենց տնտեսությունում առկա չափագիտական սխնդիրները՝ համաձայնեցված կանոնների եւ կարգերի հիման վրա: Կառույցն ունի 20 անդամ երկիր, եւ այսօր նրանց ավելացավ եւս մեկը՝ Չինաստանը։ Առաջին հայացքից ոչինչ չասող «չափագիտությունը»՝ ստանդարտացումը իրականում սերտ կապ ունի սպառողներին հուզող ամենալուրջ խնդիրների հետ՝ սկսած բնական գազի կալորիականությունից՝ մինչեւ սովորական կրպակի կշեռքի անճշտությունը։

 

 

Հայաստան մատակարարվող գազի կալորիականության խնդիրը մշտապես հուզում է հասարակությանը, վիճահարույց հարցի պատասխանը գտնելու հորդորը կար նաեւ Աժ այսպես կոչված գազի ժամանակավոր հանձնաժողովի վերջնական եզրակացության մեջ: Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում խոսել է մշտական վերահսկողության մասին:

Ինչից է առաջացել խառնաշփոթը եւ արդյո՞ք ճիշտ են պնդումները, թե ասենք՝ իրանական գազի կալորիան ռուսականից ավելի բարձր է։ Հարցի պատասխանն ունի նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Այս, ինչպես նաեւ ցանկացած դեպքում չափումների ճշգրտությունն է կարեւորում Պետական չափագիտական հիմնարկների եվրո-ասիական համագործակցության կազմակրեպության նախագահ Վլադիմիր Կրուտիկովը:

«Ոչ բոլորն են հասկանում, որ ասենք՝ գազի չափումը նույնիսկ 1 տոկոսով ճշգրտելու հաշվին հնարավոր է տնտեսել միլիոնավոր դոլարներ»,- «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում ասաց ռուս պաշտոնյան:

Ով 10 երկրներից ժամանած իր գարծընկերների հետ Երեւանում քննարկում է չափագիտական միջազգային կառույցի խնդիրներն ու հետագա անելիքները, մասնավորապես՝ պայմանավորվում են միասին մշակել չափագրումների մեխանիզմները: Միջազգային կազմակերպության 20 անդամներին, այսօր Երեւանում միացավ եւս մեկը՝ Չինաստանը անդամակցելու հուշագիր ստորագրեց եւ դարձավ 21-րդը:

«Արյան մեջ շաքարի պարունակության չափիչի նույնիսկ չնչին սխալը կարող է ճակատագրական դառնալ։ Կամ տարրական թերակշռումների խնդիրը առեւտրի մեջ կարող է զգալի կորուստների պատճառ լինել ձեռներեցների համար, իսկ սպառողներին պատճառել լուրջ անհանգստություն»,- ահա այսպես է Վլադիմիր Կրուտիկովը ներկայացնում չափագիտության սկարեւորությունը բոլոր ոլորտների համար:

Չափագիտությունն առաջին հայացքից աննկատ է, բայց զգալի դեր ունի տնտեսության արդյունավետության եւ սպառողների իրավունքների պաշտպանության համար:

Էկոնոմիկայի փոխնախարարը նշում է՝ առաջիկայում Հայաստանում կստեղծվի առաջնային էտալոնների բազա, դրանք վերաբերում են կշիռին, ջերմությանը, խոնավությանը եւ այլն: Ընդհանուր առմամբ՝ 7 էտալոն է եւ համապատասխանաբար 7 լաբորատորիա է ստեղծվելու մեկ երկու տարվա ընթացքում։

Կարդացեք նաև

Back to top button