Մշակույթ

Բալաքյանը Պուլիտցերյան մրցանակակիր. «Օզոնի հանդեսը» նաեւ Հայոց ցեղասպանության մասին է

hasmikmartirosyan

Ծագումով հայ ամերիկացի ճանաչված գրող Փիթեր Բալաքյանն արժանացել է հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակի  «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքի համար: Բալաքյանի ժողովածուում շոշափվում են Հայոց  ցեղասպանության, ինչպես նաև՝ ժամանակակից աշխարհի գլոբալ խնդիրներիը։ Տեղեկացնենք, որ մրցանակաբաշխությունն անցակցվում է 100-րդ անգամ, և խորհրդանշական այդ թվին զուգահեռ մրցանակի է արժանանում ստեղծագործությունների ժողովածու, որում ներառված են ցեղասպանության մասին տողեր:

 

Ապրիլի 18-ի գիշերը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում կայացել է ամերիկյան ամենահեղինակավոր Պուլիտցերյան մրցանակի հանձնման արարողությունը , որը տրվում է գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի ասպարեզներում լավագույններին։ Այդ լավագույններից մեկն էլ այս տարի մեր հայրենակից Փիթեր Բալաքյանն է՝ «Պոեզիա» անվանակարգում։

1911 թվականին մահանում է հունգարական ծագումով ամերիկացի միլիոնատեր Ժոզեֆ Պուլիտցերը, և ըստ նրա կտակի՝ այդ նպատակով թողնված 2 միլիոն դոլարով ստեղծվում է մրցանակի հիմնադրամը, ու ամեն տարի հաղթողներին հանձնվում է 10 000 ԱՄՆ դոլար պարգեւավճար:

Փիթեր Բալաքյանը հայտնի է հայ ընթերցասեր հանրությանը «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» ծավալուն փաստավավերագրական աշխատությամբ, որը «Նյու Յորք թայմս» թերթի կողմից ճանաչվել է  «Տարվա նշանակալից գիրք»,  ինչպես նաև «Ճակատագրի սև շունը» հուշագրությամբ։ Այն եւս ճանաչվել է «Տարվա լավագույն գիրք»։

Փիթեր Բալաքյանը գրչով է պայքարում ցեղասպանության ճանաչման համար։ Հիշում է 1960-ականների Նյու Ջերսիի արվարձանում անցկացրած իր մանկությունը եւ 1915- ի աղետից փրկված իր ընտանիքի պատմությունը: «Ոչ ոք չէր ուզում խոսել անցյալի ցավի մասին, 1915թ. դեպքերի, որոնք  իմ երկու կողմի պապերի ու տատերի կայնքում խորը սպիներ են թողել։ Սա ցավալի թեմա էր, որը չէր առնչվում այդ երջանիկ ու հարուստ արվարձանում ապրող երեխաներին ու երիտասարդներին»,- ասել է Բալաքյանը հարցազրույցներից մեկում, և շարունակել, որ 1970-ականներին արդեն որպես երիտասարդ բանաստեղծ սկսել է հարցեր տալ հորաքույրներին և լսած պատմություններն էլ դարձել ստեղծագործական պատկերներ:

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Արտեմ Հարությունանը շատ է լավ է  ճանաչում Փիթեր Բալաքյանին: Նա  է թարգմանել Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը և «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն։ Գրականագետ- թարգմանիչը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմեց ամերիկահայ բանաստեղծի ստեղծագործական ճանապարհի և մրցանակի արժանացած «Օզոնի հանդես» բանաստեղծությունների մասին:

«Օզոնը» շարունակում է «Լույսի տխուր օրերը» ժողովածուի թեման: Դա հատկապես Կոստանդնուպոլսում տեղի ունեցած ջարդերի, ինչպես նաև դաժան մթնոլորտի մասին է:  Փիթերը հնարամիտ երևակայությամբ գրող է, շեշտակի և ուղիղ դեպքերին նայող գրող: Ու գեղարվեստական լավ երևակություն ունենալով՝ եղեռնի թեման բարձրացրել է համամարդկային հնչողության, որը նրա լավագույն տաղանդի դրսևորումներից է: «Օզոնն» ավելի դրախտիկ, շեշտակի ձևերով է տալիս Օսմանայն իմպերիայի հանցագործության դրսևորումները, հատկապես հայության հարցում»։

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը «Ռադիոլուրին» պատմեց ամերիկահայ գրողի Հայաստան այցելության մասին, երբ նա եկել էր մասնակցելու «Ճակատագրի սև շունը» հուշագրության գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին: Ըստ Էդուրադ Միլիտոնյանի՝ Փիթեր Բալաքյանը ստեղծագործությունների օգնությամբ վեր է հանում իր ընտանիքի դառը հուշերը: «Նա Հայաստան եկավ, հանդիպեց գրական շրջանակների հետ: Փաստորեն նա այն սերնդից է, ով հիշողությունները գրվածքների հիմք է դարձնում: Ես որոշ բանաստեղծություններ կարդացել եմ, ուրախ եմ, որ արժանացել է Պուլիտցերյան մրցանակի»:

Արտեմ Հարությունը ցավով նշեց, որ այսօր մեր հայրենակցին լավ չեն ճանաչում իր հայրենիքում։ «Հարկավոր է վերահրատարակել գրողի ստեղծագործությունները, ինչպես նաև նորերը։ Այսօր արդիական են Բալաքյանի ստեղծագործությունները»,- ասում է գրականագետ-թարգմանիչը։

«Հիմա էլ տեսնում ենք, թե էրդողաններն ինչպես են փորձում իսլամիզմով աշխարհն արյունոտել: Ղարաբաղը վառ օրինակ: Գիրքը շատ ակտուալ է: «Օզոնն» արժանի է էստեղ էլ մրցանակ ստանալու: Գրականության ինստիտուտը պետք է հետևի, պետք է բաժին ունենա, կիսագրագիտությունից դուրս գան: Ակտուալ մեծ թարմ գրականություն է շարժվում աշխարհում: Մենք խեղճ ենք, դա լավ չի»:

Եվ վերջում տեղեկացնենք, որ 1940-ին Պուլիցերյան մրցանակի էր արժանացել Վիլյամ Սարոյանը՝ «Քո կյանքի ժամերը» պիեսի համար:

Կարդացեք նաև

Back to top button