

Ռամկավար ազատական կուսակցության սփյուռքյան ներկայացուցիչները եռօրյա այցով Երևանում են՝ քննարկելու Հայաստանի ու Արցախի առջև ծառացած խնդիրներն ու ներկուսակցական տարաձայնությունները: Հայկական երկու հանրապետություններին օգնելու մեծագույն ցանկությամբ՝ մի կողմ կդրվեն կարծիքների երկբևեռությունը, ասել են կուսակցության գործիչները:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պատերազմական գործողությունները ռամկավար ազատական կուսակցությանը ստիպեցին մի կողմ թողնել ներկուսակցական տարաձայնությունները՝ Հայաստանին ու Արցախին օգնելու համար, ասում է ՌԱԿ հայտնի գործիչ Երվանդ Ազատյանին: «Այդ անհրաժեշտությունը մեզ կպարտավորեցնե, որպեսզի ՌԱԿ վերադառնա իր հին ազգային փառավոր առաքելությանը: Առաջին նախապայմանն է՝ վերականգնել իր տունը, որպեսզի կարողանա Սփյուռքին և հատկապես Հայաստանին ու Արցախին ուժ ու թիկունք տրամադրել»։
Կուսակցության ներկայացուցիչները հավաքվել են մեկ հարկի տակ՝ քննարկելու և’ ներկուսակցական խնդիրները, և՛ Հայաստանին ու Արցախին օգնելու իրենց քայլերը: ՌԱԿ մամուլի հանձնախմբի ատենապետ Հակոբ Վարդիվարյանն էլ նշեց, որ տարաձայնությունները ոչ թե գաղափարական են, այլ աշխատանքային։
Երվանդ Ազատյանի խոսքով՝ թեև Սփյուռքն ամբողջություն չէ, սակայն Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգի դեպքում դառնում է մեկ ամբողջություն։ Սփյուռքի տարբեր համայնքներում երիտասարդությունը դիվանագիտական և պետական հաստատությունների մոտ անցկացրել է բողոքի ցույցեր՝ ներկայացնելով Արցախի խնդիրը, Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը, որն այսօր արդեն շարունակում է Ադրբեջանը։
ՀՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանն էլ նշեց, որ հայրենիքին օգնելու քայլերը մանրամասնորեն կքննարկվեն: Կուսակցությունը դժգոհ է հատկապես Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեությունից: Եվ հանգանակված գումարները բավարար չեն, եւ ծախսերը նպատակային չեն՝ ասում է Ավետիքյանը։ Պետք է ստեղծել մեխանիզմ, որը վերահսկի ողջ գործընթացը:
Ըստ Ավետիքյանի՝ հասունացել է պահը, որ ՌԱԿ- ն անցնի հայաստանակենտրոն համակարգման: Ժամանակն է, որ կուսակցության ղեկավարությունը տեղափոխվի Հայաստան: Պետք է ստեղծել այնպիսի մի կառույց, որը շատ ճկուն լինի և կարողանա ընգրկել բոլոր շրջանակները՝ համոզված է ՀՌԱԿ ատենապետը։




