
Հունգարիայի հայկական համայնքն ապրիլի 24-ին նախատեսում է բողոքի ակցիա անկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ:
Միջոցառումը կմեկնարկի Բուդապեշտում տեղադրված խաչքարի մոտից, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ կխոնարհեն, ծաղկեպսակ կդնեն՝ հարգելով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև համայնքի ներկայացուցիչները կշարժվեն դեպի Թուրքիայի դեսպանատուն: Այնտեղ, պաստառներով, համապատասխան կոչերով, ցուցարարները կպահանջեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Հունգարիայի Հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանի խոսքով՝ Հունգարիայում թուրքերն ու ադրբեջանցիները, սովորաբար, փորձում են խանգարել հայկական համայնքին: Մասնավորապես, վերջին շրջանում տեղի հայկական համայնքը նպատակ է դրել Հունգարիայի տարբեր քաղաքներում խաչքարեր տեղադրել: Արդեն որոշ քաղաքներում համայնքը հաջողություններ գրանցել է։
Նա ընդգծել է, որ Հունգարիայի հայ համայնքը չի գործում միայն ապրիլի 24-ին կամ դրան հաջորդող ու նախորդող օրերին: Հայ համայնքը փորձում է աշխատել ամբողջ տարվա ընթացքում՝ կապի մեջ լինելով տեղի զանգվածային լրատվամիջոցների, գիտական և այլ հատվածի ներկայացուցիչների հետ: Հունգարիայի հայ համայնքն իր ուշադրության առանցքում է պահում նաև ղարաբաղյան խնդրին վերաբերող հարցերը:




