

Արցախյան զոհված ազատամարտիկ, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Վարդան Բախշյանի մայրը ապրում է որդու հուշերով, ուժ ստանում և գոտեպնդում զինվորների մայրերին հետևել իրեն: Մոր համար Վարդանը կենդանի է ու ապրում է նրա կողքին, քանի որ շրջապատում ամեն ինչ հիշեցնում է տղային: Վարդանը զոհվել է 1991 թվականին Հասանաբադ գյուղի մոտ: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր պանթեոնում:
Արցախին սպառնացող վտանգը դարձյալ միավորեց ողջ հայությանը, նրանք նորից կամավորներ դարձան ու մեկնեցին մարտի դաշտ: Ազգը նորօրյա հերոսներ է ծնում, որոնք հայտնի են դառնում մարտի դաշտում ցուցաբերած իրենց ուժով, կամքով ու արիությամբ: 25 տարի առաջ տիրող շունչը հիմա էլ է զգացվում: 1991թվականին զոհված ազատամարտիկ, հետմահու ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Վարդան Բախշյանը միայն ֆիզիկապես մեզ հետ չէ, նրա անունը կա և ապրում է մինչև հիմա, իսկ ամենից շատ դա զգում է նրա մայրը: Վարդան Բախշյանի մայրը՝ Աիդա Բախշյան-Մարգարյանի օրը բացվում, շարունակվում և քուն է մտնում որդու հետ: Հաճախ բարձրաձայն զրուցում է որդու հետ և վարվում այնպես, ինչպես որդին կցանկանար:
«Նրա հուշերով եմ ապրում, նա շատ աշխույժ, կատակասեր, աչալուրջ տղա էր, մանկապարտեզից սկսած՝ նախաձեռնող էր: Ուզում էի, որ ավիացիայի ինստիտուտում սովորեր, բայց ինձ րչթողեց խառնվեմ և ինքն իր որոշումը կայացրեց, դառնալ պատմաբան»:
Նա սովորեց Մայր Բուհի պատմության ֆակուլտետում, իսկ 1988 թ. ընդունվեց ԵՊՀ ասպիրանտուրա՝ համատեղելով կրթությունը աշխատանքի հետ՝ Հայաստանի պատմական, աշխարհագրության եւ քարտեզագրության լաբորատորիայում: Մինչև արցախյան ազատամարտին մասնակցելը Վ. Բախշյանը պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` «Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները» թեմայով: Նա տիրապետում էր օսմաներեն լեզվին: Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիրներից է: Հայ մարմնակրթական ընդհանուր միության Արմավիրի մասնաճյուղն այժմ կրում է նրա անունը: Վարդան Բախշյանի անվամբ է նաև Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցը, որտեղ սովորել է նա: Վարդան Բախշյանի անկյուն կա նաև Բաղրամյան գյուղի Արաբոյի անվան թանգարանում:
Հայրենիքին սպառնացող վտանգը կրկնին մռայլել է Վարդան Բախշյանի մորը, առանց հուզմունքի չի խոսում, սակայն հիշում է որդուն և գոտեպնդվում՝ նրա մեջ առաջնայինը հայրենասիրությունն էր:
Տիկին Աիդան իր օրինակով քաջալերում է մյուս զինվորների մայրերին և մաղթում հոգու տոկունություն, նշում է, որ այս պատերազմը տարբեր է առաջինից, որ այստեղ հայրերը իրենց որդիների կողքին են: Նրանք առաջին գիծ են գնացել մահվան ճիրաններից պաշտպանելու որդիներին: Ուզում է, որ որդեկորույս մայրեր չլինեն:
Իր հանգստությունը տարիներ շարունակ գտնում է այն կառույցում, որի անդամն էր որդին: Աիդա Բախշյանը ՀՅԴ Արմավիրի Արամ Մանուկյան կառույցի գրասենյակում է աշխատում, միաժամանակ ՀՕՄ-ի Արմավիր քաղաքի ատենապետուհին է: Որդու հայրենասիրությունը օրինակելի է դպրոցականների, պատանի սկաուտների, ինչպես նաև երիտասարդ համալսարանականների համար:
Այսօր մայրության և գեղեցկության տոնն է, շնորհավորելով տիկին Աիդային, ցանկանում ենք առողջություն և ուժ: Զսպելով հուզմունքը Վարդան Բախշյանի մայրը շնորհավորեց նաև բոլոր զինորների մայրերին:




