

Արմավիրցի դպրոցականներն օգնություն են ուղարկում Արցախում կռվող զինվորներին, իրենց զորակցությունը հայտնում և աղոթում նրանց կյանքի ու հաղթանակի համար: Նորօրյա սերունդը հայրենասիրական ոգով է դաստիարակվում նաև իրենց ուսուցիչների օրինակով: Արտիմետի դպրոցի տնօրենը արդեն երեք օր կռվում է Լեռնային Ղարաբաղում:
Անդրանիկ Օզանյանի անվան Արմավիրի թիվ 5 դպրոցը կարծես վերածվել է օգնության շտաբի, որտեղ հավաքվում են Արմավիրի տարածքի բոլոր գյուղերի, Արմավիր և Մեծամոր քաղաքների դպրոցներից բերվող օգնության տուփերը: Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանը նշեց.<<Խանդավառված մեր երեխաների նախաձեռնությունը ցույց տվեց, որ մենք իզուր չենք աշխատել, ունենք հայրենասեր սերունդ>>:
Նույն դպրոցի պատմության ուսուցիչ Արթուր Ստեփանյանն արմատներով սասունցի է և սասունցիներին բնորոշ խառնվածքով ու արյան կանչով լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման առաջին օրվանից ներկայացել է Արմավիրի զինկոմիսարիատ, հերթագրվել և սպասում է կանչին: <<Ուզում եմ օրինակ ծառայել մատաղ սերնդի համար, զուտ խոսքեր չեն , ես ամեն վայրկյան պատրաստ եմ գնալու առաջին գիծ, կռվել իմ պահած դիրքում, որը ամենաթեժ կետերից մեկն է >>:
Նոր սերնդին հայրենասիրության դասեր տալու անձնական օրինակով ապրիլի 2-ից արցախյան հակամարտության գոտում է Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածքի Արտիմետ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Գյոզալյանը: Նա արցախյան պատերազմի մասնակից է: Դպրոցը հուսալի ձեռքերում է, աշխատում են այնպես, որ չնկատվի տնօրենի բացակայությունը: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը եղել է դպրոցում և նկատել, որ ամեն ինչ նորմալ ընթացք ունի:
Աշակերտների հավաքած օգնության տուփերում իրենց հոգին է դրված, նրանց նամակները ոչ միայն տուփերի մեջ են, այլև փակցաված են արկղերի ու փաթեթների վրա, որով իրենց ոգեղեն աջակցությունն ու զորակցությունն են բերում զինվորին:
Մեծամոր քաղաքում այսօր դպրոցականների երթ է կազմակերպվել նաև դեպի սուրբ Ղազար եկեղեցի, որտեղ մոմեր են վառվել և աղոթ բարձրացվել առ աստված՝ մեր զինվորների առողջության ու հաղթանակի համար: Մեծամոր քաղաքի թիվ մեկ դպրոցի տնօրեն Նունե Գևորգյանը տպավորված էր նույնիսկ առաջին դասարնի երեխաների քայլով,նրանք իրենց նախաճաշիկի 50 դրամը հատկացրել են զինվորներին առաջին անհրաժեշտության պարագաների ձեռք բերելուն: Աշակերտները աղոթքի խոսքերով նամակներ են դրել տուփերի մեջ: Նունե Գևորգյանը տպավորված էր 5-րդ դասարանի աշակերտի նամակով՝ ուղղված զինվորին՝ ես շատ եմ ուզում ձեր կողքին լինել, կռվել ձեզ հետ, բայց չեմ կարող, ես դեռ փոքր եմ: Այս ոգով դաստիարակված երեխան հայրենիքի օրհասական պահին մարտի դաշտում կլինի, համոզված է տնօրենը:




