
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի շփման գծում հակառակորդի սկսած ռազմական գործողություններից հետո պաշտպանական բանակի հակագրոհի արդյունքում նախկին վիճակը, դիրքային համակարգը վերականգնվել է, հակառակորդի ձեռքում մենք դիրքեր չունենք, հայտարարել է Արցախի ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանն այսօր Ստեփանակերտում օպերատիվ իրազեկման կենտրոնում այսօր կայացած ասուլիսի ժամանակ։
Հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է հայկական բանակի 29 զինծառայող, վիրավորվել 101- ը, անհետ կորած է համարվում 28 զինծառայող։
Մամուլի ասուլիսում հրապարկվել է ադրբեջանական կողմից որսված հեռախոսային հաղորդագրությունը, ըստ որի՝ հակառակորդի մարդկային կորուստներ 2000- ից ավելի են։ Հակառակորդն ունի նաեւ ռազմական տեխնիկայի լուրջ կորուստներ։ Այս ընթացքում նա կորցել է 24 տանկ, 4 զրահամեքենա, 2 ուղղաթիռ, 12 ԱԹՍ եւ 1 «Գրադ» կայանք։
Այսօր ժամը 12- ից ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն հակառակորդը շարունակել է գնդակոծությունները, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ, հայտնել է գնդապետ Առուստամյանը։




