

2014թ սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել էր ուսումնասիրել ու պարզել, թե ինչով է պայմանավորված մեր երկրում ամուսնալուծությունների թվի աճը: 2015-ին աշխատանքի ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը իրականցրել է այդ հետազոտությունն ու պարզել, որ Հայաստանում իսկապես ավելացել է ամուսնալուծությունների թիվը: Իսկ հիմքում հիմնականում սոցիալական ու տնտեսական խնդիրներն են, միջանձնային հարաբերությունները, վերջին տարիներին՝ գերիշխողը դարձել է մի նոր երևույթ՝ միգրացիոն գործընթացները: Երբ ամուսիններից մեկը, հիմնականում ամուսինը մեկնում է արտագնա աշխատանքի ու կտրում կապը ընտանիքի հետ: Աաշխատանքի ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Գառնիկ Նալբանդյանի փոխանցմամբ, ամուսնալուծությունների թիվը համեմատաբար բարձր է Լոռու, Արարատի ու Արմավիրի մարզերը:
Ամուսնալուծությունների հիմքում սոցիալական, ինչու չէ նաև բնակարանային խնդիրներն են: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել Ժողովրդագրության զարգացման 2016-2018 ազգային ծրագրի նախագիծը, որն այս օրերին ակտիվ քննարկման փուլում է: Հինգ ենթաբաղադրիչից բաղկացած ծրագրի նախագծի բաղադրիչներից մեկը բնակարանային ապահովության ծրագիրն է: Հ
իշեցնենք, շրջանառվում է առանց կանխավճարի բնակարաններ տրամադրելու հարցը: Այն ի դեպ, վերջին օրերին բուռն քննարկումների պատճառ է դարձել: Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք մեր երկրում բնակարան ձեռք բերել առանց կանխավճարի հարցին, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն արձագանքել է՝ ենթաբաղադրիչի հիմնական նպատակը Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի ձևարովորումն է, ծրագիրն էլ ուղղված է ժողովրդագրական խնդիրների բարելավմանը:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան. «Սոցիալական բնակարանային ֆոնդը ձևավորելը հիմնականում պետության կողմից համապատասխան բնակարանային ֆոնդ ձեռք բերելն ու կառուցելն է: Երբ որ այդ բնակարանային ֆոնդը ձևավորվում է, պետությունը բնականաբար դա քաղաքացիներին է տրամադրում, այդ ժամանակահատվածում այդ բնակարանը սեփականության իրավունքով չի լինում: Ու նաև հնարավորություն է տալիս քաղաքացուն վճարումներ կատարել, որպեսզի այդ բնակարանը իր սեփականությունը դառնա, որը բերում է շրջանառու միջոցների ավելացման՝ նոր ընտանիքների ներգրավման համար: Այս մեխանիզմի պարագայում, երբ պետությունն է այդ բնակարանի տերը դարձել, որևէ այլ մեխանիզմ այսօրվա գործող դաշտում չի աշխատում: Սրանք լրիվ ուրիշ մեխանիզմներ են»:




