

Երեւանում այսօր կայացած Արդյունաբերողների եւ գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության նիստի ժամանակ կոնգրեսը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ստորագրել են փոխգործակցության հուշագիր: 24 երկիր միավորող կոնգրեսի նախագահ Վիկտոր Գլուխիխը հայտարարել է, որ Երեւանյան հուշագիրն առաջին այսպիսի քայլն է` ուղղված արդյունաբերական եւ արտադրական մոտեցումների միասնականացմանը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ կոնգրեսը փորձում է Արևմուտք-Արևելք տնտեսական կապերի զարգացման կամուրջ դառնալ:
Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունների գործընկերները մի քանի ներդրումային ծրագրով են եկել Հայաստան: Այս ծրագրերի ներկայացման եւ դրանց խոչընդոտների վերհանման հարթակը Արդյունաբերողների եւ գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության նիստն է Երեւանում: Ներդրումային նախագծերը վերաբերում են գյուղմթերքի վերամշակմանը, արդյունաբերական թափոնների մաքրմանն ու զտմանը, ջրի արտադրության եւ արտահանման ոլորտներին: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նկատում է` խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլար ներդրումների մասին է, «նման ենթակառուցվածքային խոշոր ծրագրերը փոքր գումարներով չեն արվում»։
ԵՏՄ հարթության մեջ տնտեսական շահերի մեկտեղումն առանձնապես չի հեշտացրել արդյունաբերողների եւ գործարարների կյանքը, նկատում է Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևը: Ֆինանսական շուկային ինտեգրման, միասնական վճարման համակարգի անցնելու, տեխնիկական կարգավորման, մաքսային միասնական մոտեցումների խնդիրներն օրակարգում են: «Չի կարող մի երկիրը մաքսային մի ընթացակարգով առաջնորդվել, մյուսը` մեկ այլ»,- ասում է: ԵՏՄ շրջանակներում քննարկվում է ընդհանուր կարգավորիչ բանկի ստեղծման հարցը՝ միաժամանակ պահպանելով ազգային բանկերը։ Գաղափարը մեկն է, մոտեցումները՝ տարբեր: Տնտեսական աշխարհի վերակազմակերպման այսօրվա պայմաններում սա, սակայն, անհրաժեշտություն է, ասում է Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահը:
Ալեքսանդր Մուրիչևը նոր ասելիք ունի Հայաստանի հետ գործակցության մասով: «Մենք սկսում ենք առավել ակտիվ գործակցություն Հայաստանի բիզնեսի, բանկային համակարգի հետ` փոխշահավետ ծրագրերի իրագործման ուղղությամբ. ագրովերամշակում, ենթակառուցվածքների զարգացում, շինարարական ծառայություններ»:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դրական ազդեցություն է ունեցել մեր երկրի տնտեսության վրա, հայտարարում է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարը: Վաչե Գաբրիելյանն անդրադարձավ նաեւ լրագրողների դիտարկմանը, թե անդամակցությունից հետո Հայաստանից ՌԴ արտահանումը, այդուհանդերձ, նվազել է, իսկ ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ առեւտրաշրջանառությունը շարունակում է շատ փոքր մնալ:
«Այդ դեպքում ուր մնացին արդյունքները» հարցին Գաբրիելյանն արձագանքեց, թե եթե չլիներ անդամակցությունը, իրավիճակը շատ ավելի վատ կլիներ: «Արտահանումը, ճիշտ է, նվազել է, բայց բազմազանեցվել է: ԵՏՄ-ին անդամակցությունը հայ գործարարների համար հեշտացրել է ապրանքների տեղափոխումը, մաքսային ռեժիմները թեթեւացվել են, ինչն արձանագրել է նաեւ Համաշխարհային բանկը: Էապես հեշտացվել է աշխատուժի ներհոսք-արտահոսքը»,- ասում է Գաբրիելյանը:
ԵՏՄ անդամակցությունը ենթադրում է միասնական մոտեցումներ արտադրության, արտահանման-ներկրման գործընթացներում: ԱԱՀ գանձումը միության տարածքում միայն մեքենա ներկրելիս չէ, որ խնդիր է: Նման խնդիրներ էլի կան, պատասխանելով «Ռադիոլուր»-ին, խոստովանում է Գաբրիելյանը: ՀՀ-ն քննարկում է այսօր նման հարցերը, կամաց-կամաց գնում ենք առաջ՝ ասում է: Եվրոպական միությունը միասնական մոտեցումների ճանապարհին տասնամյակներ է ծախսել, հիշում է Վաչե Գաբրիելյանը:




