
տեղադրված 10.36-ին
լրացված 16.14-ին

Այսօր նշվում է Պոեզիայի համաշխարհային օրը: Տոնը մեզ մոտ սկսվել է նշվել վերջին մի քանի տարում: Սակայն այն, ըստ գրականագետների, պետք է մեծ ճանաչում ունենա, ինչն էլ կնպաստի ժամանակակից պոետների և նրանց ստեղծագործությունների հանրահռչակմանը: Գրողների միությունը «Լոռվա ձոր» հայրենակցական միության հետ համատեղ ստեղծել է Հովհաննես Թումանյանի անվան մրցանակ, որն էլ աշնանը կհանձնվի պոեզիայում իր մեծ վաստակը ներդրած պոետին:
1999թվականի մարտի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ- ն հայտարարել է Պոեզիայի համաշխարհային օր: Հայաստանում այս տոնը երիտասարդ կենսագրություն ունի: Գրականությունն ընդհանրապես, և պոեզիան մասնավորապես, մարդու սրտից բխած անկեղծ ինքնաարտահայտման ձևերից է: Պոեզիան թերևս արվեստի այն տեսակն է, որ զարգացման մշտական ուղի է հարթել դարերի ընթացքում, սակայն այսօր նկատելի հետընթաց է ապրում։ Քնարերգությունը դարձել է թերևս միայն մասնագետների զբաղմունքը, ասում են գրականագետները: Որքանո՞վ են նրանք իրավացի, պարզեցինք մեր համաքաղաքացիներից:
Այսօր հատուկենտ քառատողերի սերտումը մնացել է թերևս մանկապարտեզում, որոշ կրթօջախներում և մասնագիտական բուհերում: Պոեզիայի օրը վերջին տասնամյակներում նշվում է Պարույր Սևակի ծննդավայր Զանգակատանը, Վահան Տերյանի ծննդավայր Գանձակում և վերջ: Այստեղ քիչ անելիք չունի նաև Գրողների միությունը՝ հասարակության մեջ պոեզիայի, նաեւ ժամանակակից բանաստեղծների գործերի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար։
Աշխարհին մաքրություն պարգևող և աշխարհ ստեղծող այս ժանրը գրականագետները համարում են արարչագործության շարունակություն, որն էլ, ըստ նրանց, պետք է մարդկությանը փոխանցի բարության և լուսավորության, մաքրության և ազատության արժեքները։ Բանաստեղծ Արևշատ Ավագյանը շեշտում է, որ նյութական բոլոր արժեքներն արժեզրկվում են տարիների ընթացքում, սակայն բանաստեղծականը հավերժելու, շարունակաբար ապրելու հնարավորություն ունեն:
Պոեզիայի համաշխարհային օրը լավագույն հնարավորությունը կարող է ընձեռել ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններին ծանոթանալու համար: Եվ, իհարկե, արժե նաև մեր դպրոցներում ոչ միայն ծանոթացնել այսօրվա քնարերգուներին, այլև հյուրընկալել նրանց՝ վերակագնեելով վաղեմի բարի և ուսանելի ավանդույթը։




