

Նախորդ գիշեր ու առաջիկա օրերին հանրապետությունում գրանցված ցածր ջերմաստիճանին ու ցրտահարության խնդրին է այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա տեղեկացմամբ, նախորդ գիշեր ամենացուրտ ջերմաստիճան է գրանցվել Զվարթնոցի, Փարաքարի ու Մերձավանի տարածքներում՝ -5 աստիճան:
Մնացած համայնքներում, ըստ ԱԻՆ հիդորմետ ծառայության տվայլների, լուսադեմին Արմավիրում գրանցվել է -2, Արտաշատում -2, Արարատում -0,5, Ուրցաձորում -3, Աշտարակում -3, Երևանում -2…-4, Արենիում -1, Բագրատաշենում -2, Իջևանում -2 աստիճան ցուրտ:
Բացառություն են կազմել Սյունիքի հովիտները որտեղ խիտ ամպամածության արդյունքում բացասական ջերմաստիճան չի գրանցվել, Կապանում օդի ջերմաստիճանը եղել է +1, Մեղրիում +2 աստիճան տաք: Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության տարածքին մոտենում է հզոր անտիցիկլոն, անտիցիկլոնի պայմաններում ակնկալվում է եղանակի լիարժեք պարզեցում, որի արդյունքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում ևս 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -4…-7, հողի մակերևույթին -5…-8 աստիճան ցուրտ:
Բացասական ջերմաստիճանը կպահպանվի նաև մարտի 19-ի գիշերը Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -2…-5, հողի մակերևույթին -3…-6 աստիճան ցուրտ:
«Կորուստները գնահատելու հնարավորություն չունենք, որովհետև դեռ վաղ է»,- հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու գյուղացիներին հորդորել առաջիկա երկու օրերին էլ դիմել ցրտահարության դեմ պայքարի ավանդական մեթոդներին. «Սա չի կարելի ամբողջացնել, քանի որ համայնքներ կան, որտեղ տարբեր ջերմաստիճաններ են գրանցվել. մի տեղ ջուրը սառել է գետնի վրա, իսկ տեղեր կան, որտեղ ընդհանրապես բացասական ջերմաստիճան չի գրանցվել»,-հայտարարեց Սերգո Կարապետյանը:
Նրա խոսքով՝ այսօր նորից ցուրտ հոսանքների ներխուժում է սպասվում: «Այսօր և վաղը սպասվում է ավելի ցածր ջերմային ռեժիմ: Դրա համար արդեն չորս օր է խորհրդատվություն ենք անցկացնում և գյուղացիական տնտեսություններին հորդորում ենք, որ անպայման ծխապատում իրականացնեն»:
Նախարարն ասաց նաև, որ բարձրադիր գոտիներում՝ Թալինի, Բաղրամյանի տարածաշրջաններում, Վայոց Ձորի բարձրադիր գոտիներում, Կոտայքի մարզի բարձրադիր գոտիներում ծիրանենիները դեռևս ծաղկակալած չեն, այնտեղ ընդհանրապես ցրտահարություն լինել չի կարող:
«Որոշակի տեղերում ցրտահարություն եղել է, մասնակի է և առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում պարզ կլինի, թե ինչ ենք ունենալու»:




