

Եղանակի տաքացումը տներից դուրս է բերում երեխաներին` ծնողների հետ, իսկ ժամանցի ամենահաճախ այցելվող վայրերից են շարունակում մնալ զբոսայգիները` տարատեսակ կարուսելներով: Սրան զուգահեռ` օրեցօր մայրաքաղաքում ավելանում են սրճարաններն ու առեւտրի կենտրոնները, որտեղ տեղակայվում են խաղային ատրակցիոններ: Երեւանի քաղաքապետարանն էլ երեւանյան բակերին նվիրում է բակային ատրակցիոններ` դրանց վերահսկողությունը, սակայն, դնելով թաղապետարանների վրա: Արդյոք այս իրավիճակում ապահովված է երեխաների անվտանգությունը, ում պատասխանատվությանն ու խղճին է թողնված այս հարցը:
Վերջերս նորաձեւ է դարձել` հատկապես Երեւանի առեւտրի խոշոր կենտրոններում ու սրճարաններում տեղադրում են խաղային ատրակցիոններ, կարուսելներ: Սա ծնողների համար մի կողմից հեշտացնում է երեխաների հետ առեւտրի ու ժամանցի վայր գնալը, մյուս կողմից` մեծացնում մտահոգությունը` որքանով են զվարճանքի օբյեկտները անվտանգ: ԱԻՆ տեխնիկանան անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նախ շեշտում է` իրենք ոչ բոլոր կարուսելների ու խաղային ատրակցիոնների մասով են պատասխանատու: Քաղաքապետարանի տեղադրած բակային կարուսելների ու ծնողներին ծանոթ 200 դրամանոցով աշխատող ատրակցիոնների մասով այստեղ ասելիք չունեն. անվտանգության վերահսկողությունն այս առումով իրենցը չէ:
«Կա կարգ, որով սահմանվում է` կարուսելների որ տեսակներն են համարվում արտադրական վտանգավոր օբյեկտ, որոնք չէ: Ըստ այդմ է որոշվում` որոնք են ընկնում ԱԻՆ-ի տեխնիկանան անվտանգության ազգային կենտրոնի վերահսկողության տակ, որոնք` ոչ»:
Լուսինե Հովհաննիսյանը հիշեցնում է` ԱԻՆ-ը փորձաքննության աշխատանքների մեկնարկը ծրագրում է դեռ մայիսին: «Շահագործման սկիզբը համարվում է այս շրջանը»:
Կարուսելներն աշխատում են կլոր տարին` աշնանն ու ձմռանը թրջվելու, ժանգոտելու, թուլանալու, վնասվելու բոլոր հավանական ռիսկերով: Բայց դրանք տարին մեկ են անցնում փորձաքննություն: Այսինքն` մինչ մայիսին կսկսվի նոր փորձաքննությունն ու կընդգրկի ողջ հանրապետությունը, կարուսելների շահագործման անվտանգությունը, փաստորեն, մնում է շահագործողների խղճին: Անվտանգ են, թե ոչ. կարուսելների` փորձաքննություն անցած լինելու մասին ԱԻՆ-ի տեղեկանքը պետք է փակցված լինի կարուսելների վրա` տեսանելի վայրում: Արդյոք հայ ծնողները տեղեկացված են օրենքի այս պահանջին ու հետամուտ են անվտանգության նորմերի պահպանմանը: «Ռադիոլուր»-ի փոքրիկ հարցախույզը երեւանյան զբոսայգիներում հետեւյալ պատկերը պարզեց:
Վերադառնանք ԱԻՆ-ի վերահսկողությունից դուրս գտնվող ատրակցիոններին: Բակային ատրակցիոնները Երեւանի քաղաքապետարանի նվերն են, բայց սրանց վերահսկողությունն արդեն վարչական շրջանների վրա է: Թաղապետարանները, կանոնակարգի պահանջով, իրենք են կատարում համապատասխան աշխատանքները` հակակոռոզիոն վերանորոգում, ներկում եւ ակտավորում: Բայց նկատենք` բակային ատրակցիոնների սփռվածությունն այնքան մեծ է, որ հարց է ծագում` արդյոք ռեսուրսներն ու հետեւողականությունը բավարար են` մշտական անվտանգություն ապահովելու համար: Համարվում է, որ բակային ատրակցիոնները պրիմիտիվ են ու անվտանգ, բայց հիշեցնենք` անցյալ տարվա հունիսին Մալաթիա-Սեբաստիայում հենց բակային ճոճանակի շուռ գալու հետեւանքով գրանցվեց 10-ամյա աղջնակի մահ: Ինչ վերաբերում է հին ու «կարկատանվող» կարուսելներին: «Հաղթանակի» զբոսայգում, օրինակ, 37 տարվա արտադրության կարուսել կա, համեմատաբար նոր են Մանկական երկաթուղու ատրակցիոնները, կան նաև եվրոպական արտադրության: Բոլոր խնդիրները մի կողմ` մեր փոքրիկները կարուսելների մասին իրենց պատկերացումն ունեն:
Երեւանի զբոսայգիներից մեկի տնօրեն Սուրեն Գյուլամբարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում տարօրինակ է համարում անվտանգության մասին հարցը:
Զրուցակիցս վստահեցնում է` իրենք սեզոնին ԱԻՆ-ի փորձագետներին չեն սպասում, անձամբ են ուշադիր: Բայց ծնողներն էլ պետք է ուշադիր լինեն. կարուսել նստելու կանոններ կան, տարիքային շեմ կա:
Զբոսայգու տնօրեն Սուրեն Գյուլամբարյանը նաեւ նկատել է լաց լինող երեխաների, երբ ծնողները հրաժարվել են կարուսելի եւս մեկ տոմս գնել. գումարի խնդիր է գուցե:
Այնուամենայնիվ, կարուսելների գների բարձրացումն այս տարի այս տնտեսվարողը չի բացառում, դեռ շուկայի միտումներին են հետեւում:




