

Խորհրդարանը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքը: Օրենսդիրը քննարկում է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որն ԱԺ պատգամավորների ու կառավարության համատեղ նախաձեռնությունն է:
Առաջարկվում է հրաժարվել ԵՏՄ տարածքից ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումից: Առաջարկը հիմնավորվում է ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում ամրագրված սկզբունքներով: Ըստ հեղինակների՝ հարկատեսակի գանձումը հակասում է դրանց, քանի որ ԵՏՄ-ն ընդհանուր տնտեսական տարածք է և ապրանքների տեղաշարժի համար հատուկ պայմաններ է նախատեսում:
Պատգամավորներն օրենսդրական առաջարկը սպասված, բայց ուշացած են համարել: Նիստերի դահլիճում հնչած հիմնական մտահոգությունը վերաբերել է հարցին, թե արդյոք փոխհատուցվելու են այն քաղաքացիները, որոնցից մինչ այժմ ավելացած արժեքի հարկը գանձվել է: Օրենքի համահեղինակներից Միքայել Մելքումյանի փոխանցմամբ՝ հարցը քննարկման ենթակա է:
«ԵՏՄ-ից ներկրվող մեքենաներից մինչև հիմա գանձվել է 1.7 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ, որի վերադարձի հարցը քննարկման ենթակա է: Պետք է քննարկենք, թե ում ենք վերադարձնում: Պետք է սա դիտարկենք սոցիալական խնդիրը»:
Կառավարությունը որոշել է հրաժարվել ԵՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքնենաների համար ավելացած արժեքի գանձումից: Առաջարկը պաշտպանում են թե ընդդիմադիր, թե իշխանական խմբակցությունները. որոշումը սպասված, բայց ուշացած են գնահատում:
2001-ին Հայաստան ներկրվել է 5800 մեքենա, 2014-ին ՝ ավելի քան 46 հազար: 2015-ին, նախորդ տարվա համեմատ մեքենաների ներկրկման ծավալները նվազել են, բայց էականորեն ավելացել է ԵՏՄ-ից ներկրումը: Հանրապետություն մտնող մեքենաների 90 տոկոսը մինչև 10 հազար դոլար արժեք ունեն, մոտ 60 տոկոսը ՝ մինչև 5 հազար դոլար: Առաջարկը վերաբերում է մեկ «ֆիզիկական անձ, մեկ մեքենա» մոդելին:
«Էդպես չի, որ Վալովայան պիտի հնչեցներ, որ էս հարցը կարգավորեին»:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Եվրասիական տնտեսական միության ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան, որ, երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում Եվրասիական տնտեսական միության երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ թե գումարները վերադարձնելու խնդիրն է, այլ ապօրինությունը վերացնելու: Նա հետաքրքրվեց, թե այլ ապրանքախմբերի հետ կապված ի՞նչ խնդիրներ կան, արդյո՞ք գազն առանց ԱԱՀ է ներմուծվում:
«Խոսքը գնում է անձնական սպառման մասին, մեկ քաղաքացի՝ մեկ ապրանք, բայց ես հակված եմ, որ թիվն ավելացնենք»,- ասաց Մ.Մելքումյանը՝ նկատելով, որ, եթե բարգավաճ երկիր ենք կառուցում, պետք է դիտարկել, որ մեկ մարդը կարող է ունենալ մեկից ավելի մեքենա:




