
Բեռլինում անցկացվող Միջազգային ITB Berlin զբոսաշրջային ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները:
ITB- ն ամենահեղինակավոր ցուցահանդեսներից է, որտեղ միջազգային տուրօպերատորները և հանրությունը տեղեկանում են նոր տուրիստական ուղղությունների և առաջարկների մասին: Էկոզբոսաշրջության և արկածային ճանապարհորդությունների համար նախատեսված բաժնում ներկայացված Հայաստանի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում, հայտնում են բնապահպանության նախարարությունից:
Հայկական պատվիրակության անդամ, Դիլիջան ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը հայտնել է, որ Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու բնության հատուկ պահպանվող տարածքները բավականին գրավիչ են արկածային ճանապարհորդությունների և վայրի բնության սիրահարների համար. «Նման ցուցահանդեսները լայն հնարավորություններ են ստեղծում համաշխարհային հանրությանը ներկայացնելու մեր երկրի բացառիկ կենդանական ու բուսական աշխարհը, լանդշաֆտային բազմազանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն տուրիստական նոր հոսքերի ներգրավման համար»,- ասել է նա։
Բեռլինյան ցուցահանդեսը անցկացվում է մարտի 9- 13- ը։




