

Մինչ Աժ օրակարգում ընդգրկվելը` նոր ԸՕ-ի արդեն հրապարակված նախագիծը, կարելի է ասել, մտել է հանրային քննարկումների փուլ: Այս պահի դրությամբ վիճահարույց դրույթները նախագծում բազմաթիվ են, բայց 13 հոդվածներում շտկումներն անհրաժեշտ է համարում փաստաբան Նորայր Նորիկյանը: Այսօր նա ներկայացրել է փաստաթղթի իրավական բացթողումները եւ վտանգները: Կարծում է, որ դիտորդների եւ լրագրողների աշխատանքը սահմանափակելու դրույթին զուգահեռ կան առավել վիճահարույցները։ Սակայն լրագրողական կազմակերպություններն առաջնային են համարում պայքարը կոնկրետ այս դրույթի դեմ:
Ընտրական նոր օրենսգրքում տեղ գտած վիճահարույց կետերը բազմաթիվ են, բայց փաստաբան Նորայր Նորիկյանն առանձնացրել է սկզբունքային 13 կետ, որոնք հարցականի տակ են դնում փաստաթղթի որակը: «Ռադիոլուրն» արդեն անդրադարձել է ընտրատեղամասերում դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների համար մինչեւ 8 տեղ նախատեսված սահմանափակմանը:
Լրագրողական կազմակերպությունները դեռեւս չեն քննարկել միավորվելու եւ այդ դրույթի դեմ միասնական դիրքորոշում ձեւավորելու հավանականությունը, բայց որ պայքար եւ հստակ առաջարկություններ լինելու են՝ հաստատեց Խոսքի ազատության պոշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: «Այս դրույթը վերանայման կարիք ունի: Միանշանակ անընդունելի է: Մեկ ուրիշ խնդիր կա, արդյո՞ք այդ առաջարկությունները հաշվի կառնվեն: Սա ավելի լուրջ է, քան փորձել խորամանկ քայլեր այդտեղ գտնել»:
Իրականում սա մանրուք է, ասում է փաստաբան Նորայր Նորիկյանը՝ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան մատնանշելով ավելի վտանգավոր դրույթ: «Դուք ավելի վատ դրույթից վախեցեք, որ ձեզ կամայականորեն կարող են հեռացնել ՏԸՀ նիստերի աշխատանքներից եւ քվեարկության սենյակից միայն այն բանի համար, որ համարձակություն ունենաք, ենթադրենք՝ մի դիտարկում կամ նկատողություն անել»:
Նախագծի 31-րդ հոդվածի 5-րդ կետն էլ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին իրավունք է տալիս դիտորդներին, վստահված անձերին, ինչպես նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներին հեռացնել քվեարկության սենյակից կամ հանձնաժողովի նիստից: Դեռեւս գործող ընտրական օրենսգիրքը այսպիսի դրույթ չունի: Մինչ այս պահը չկար նաեւ սահմանափակում հասարակական կազմակերպությունների համար:
Այսուհետ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք կունենան այն կառույցները, որոնց կանոնադրություններում առկա է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հիմնախնդիրներով զբաղվելու առաքելությունը, ինչպես նաեւ առկա կլինի ստացված հրավերը՝ ուղարկված հանրապետության նախագահի, Աժ նախագահի, վարչապետի կամ ԿԸՀ կողմից: Դիտորդական իրավունքից, ըստ նախագծի, զրկվելու են նաեւ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչները՝ իրենց աշխատակազմերով, ասում է Նորայր Նորիկյանը:
«Կստացվի հետեւյալը, որ մեր ընտրություններին մասնակցություն կունենան եւ դիտորդական առաքելություն կիրականացնեն այն կառույցները՝ թե տեղական, թե միջազգային, որոնց նկատմամբ «հատուկ սեր» կլինի հանրապետության նախագահի, Աժ նախագահի, վարչապետի կամ ԿԸՀ կողմից: Իսկ եթե այդ սերը չլինի, հակառակը՝ լինի համապատասխան հակակրանք, այդ կազմակերպությունները դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն չեն ունենա:
ԿԸՀ ձեւավորում, գունավոր քվեաթերթիկներ, ուղղորդումների վտանգ. այս ամենը նույնպես փաստաբան Նորայր Նորիկյանը տեսել է Ընտրական օրենսգրքի նախագծում։ Սակայն բոլոր քննադատություններին ի պատասխան՝ հիմնական հակափաստարկը հենց միջազգային կառույցներն են: Փաստաթուղթը հանրային քննարկման ներկայացվել է Վենետիկի հանձնաժողով ուղարկելուց հետո, ի սկզբանե հաշվի են առնվել միջազգային փորձագետների հորդորները, ասում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Փաթեը մշակելու հիմքում ընդունել ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2012 մայիսյան եւ 2013 փետրվարյան ընտրությունների արդյունքում դիտորդական առաքելության ներկայացրած դիտողություններն ու առաջարկությունները։ Այսինքն՝ հիմնականում այն բոլոր դիտողությունները, որոնք այդ երկու ընտրությունների արդյունքում ներկայացվել են, մենք փորձել ենք այս նախագծում նրանց տալ համապատասխան լուծումներ»,- ասում է Դավիթ Հարությունյանը:




