

Կանայք պիտի կարողանան հավատալ իրենց ներուժին: Հարցումները ցույց են տվել, որ նրանք թերահավատ են այդ առումով: Անդրադառնալով կանանց դերին առնչվող խնդրին՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նկատել է, որ այսօր կանայք դառնում են ընտանիքի բավականին լուրջ հենք, սակայն, չնայած դրա, նրանք իրենց լիարժեք չեն զգում:
Մեր հասարակությունը դեռեւս շատ հին ավանդույթներով է առաջնորդվում՝ հայ կինը ունեցել է բավականին արժեք, սակայն, ստորադասվել է միշտ տղամարդու կամքին: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ՝ հենց այդ ստորադասությունը լուրջ խնդիր է: «Պետք է մեր մշակույթի մեջ որպես ինստիտուտ ձեւավորվի: Շատ բան, իհարկե, կախված է գեղեցիկ սեռից, որ նա կարողանա ինքնահաստատվել՝ այն կարողություններով, որ ինքն արդեն ունի»:
Ընդհանրապես՝ աշխարհում փորձը ցույց է տալիս, որ մասնագիտական կարիերայի զարգացման ճանապարհին կանայք ավելի մեծ դժվարությունների են հանդիպում: Պատմությունը ցույց է տվել նաեւ, որ երբ կանայք են հասարակական հարաբերությունները կարգավորել, դա արել են շատ ավելի լավ: Հաշվապահական ուսուցման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Հասմիկ Սահակյանի խոսքով՝ հատկապես կարեւոր է կանանց համար կրթության, վերաորակավորման խնդիրը՝ հասարակությունում իրենց տեղը գտնելու եւ ներուժն իրացնելու համար:
«Փորձը ցույց է տալիս, որ երբ իսկապես հոգատար վերաբերմունք է ցուցաբերվում խնդրի լուծմանը, արդյունքում մենք կարող ենք ունենալ շատ բարձր զբաղվածության աստիճան: Մեր վերջին հարցումները ցույց են տվել, որ դասընթացների մասնակիցների ավելի քան 80 տոկոսը, որոնք իսկապես ուզում են եւ ցանկանում են աշխատել, նրանք զբաղված են այժմ»:
Ինքնահաստատման խնդիրներից մեկը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համարում է այն, որ կանայք եւ տղամարդիկ հավասար աշխատանքի դիմաց ստանան հավասար վարձատրություն: Մինչդեռ, ըստ նրա, Հայաստանում այս հանգամանքը անտեսված է, եւ նույն աշխատանքի դիմաց կանայք հաճախ ավելի քիչ են ստանում, քան՝ տղամարդիկ:
Հասմիկ Սահակյանը, սակայն, նկատեց, որ դա խնդիր է ոչ միայն մեր երկրում: Այն լուրջ հարց է նաեւ այնպիսի երկրի համար, ինչպիսն է, օրինակ, ԱՄՆ-ն, որտեղ հատուկ հիմնադրամներ են ստեղծվում՝ հարցը կարգավորելու համար:
Շատ ավելի լուրջ է խնդիրը բազմազավակ մայրերի պարագայում: «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը, սակայն, այն կարծիքին է, որ ոչ միշտ եւ ոչ բոլոր կանայք են պատրաստ հասարակությունում ստանձնել այն դերը, որը կարող են: Նա, մինչդեռ, համոզված է, որ դրա համար պայմաններ ստեղծվում են: Մարգարիտա Հովսեփյանի կարծիքով, մեզանում մտածողության կարծրատիպերի արդյունքում կանանց ներուժի ոչ լիարժեք օգտագործման խնդիր կա, ինչը տարբեր ոլորտներում կորուստների է հանգեցնում:
Մտածողություն փոխելու համար էլ, «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահը կարծում է, պետք է սկսել դպրոցից՝ ներդնելով այնպիսի առարկա, որը կպատրաստի լիարժեք կին անհատներ: Այդ դեպքում, ըստ նրա, չի լինի ամուսնալուծությունների այն տոկոսը, որն այսօր ունենք:
Նկարիչ, աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի դիտարկմամբ էլ՝ շատ խնդիրներ այն պատճառով են, որ այսօր գտնվում ենք հիպերիրականության մեջ, երբ բարձր տեխնոլոգիաները դարձել են կյանքի մաս, իսկ այն համակարգը, որը դասավանդում է դպրոցը դուրս է պրակտիկ իրականությունից։ «Դա ո՛չ լավ է, ո՛չ վատ: Ուղղակի նոր դաշտ է, ունի նոր հոգեբանական ընկալման եւ ձեւակերպման, նոր փուլի անցման կարիք»:




