

Օրվա հերոսները կանայք են, իրենք իրենց ու հայ տղամարդկանց մասին: «Կնոջ կայացման գրավականը ուժեղ տղամարդն է»,- կարծում են «Ռադիոլուր»-ի զրուղակից կանայք, ովքեր Հայաստանի տարբեր մարզերն են ներկայացնում: Նրանց կարծիքով, տարիների ընթացքում հայ կնոջ կերպարը փոխվել է, ավելի ակտիվ է դարձել, նախաձեռնող: Հայ կանանց բարեմաղթանքը մեկն է՝ խաղաղություն ու բարի ծառայություն հայ զինվորին:
Հայրենիքը մեր գյուղից է սկսվում, գարնանային այս օրն էլ հայ կանայք կնոջ դերի, առանձնահատկությունների մասին զրույցը այսպես են սկսում: Վայոց Ձորի մարզի Գոմք համայնքից Նունե Ավագյանը նկատում է՝ «ուզում ենք շեն տեսնել մեր համայնքը, հետո՝ ընդհանրացնելով»,- ասում է՝ նաև հայրենիքը:
Բնութագրելով կնոջն ու մասնավորապես հայ կնոջը ՝ կրկին Վայոց Ձորից Նաիրա Մնացականյանը կարծիք է հայտնում՝ գնահատելի ու անփոխարինելի է ցանկացած բնագավառում: Հայ կնոջ առանձնահատկությունների մասին խոսելիս, նախ դժվարություններն է մատնանշում, հետո նաև նկատում՝ դժվարությունները հաղթահարելուց հետո նա ոչ թե վհատվում է, այլ՝ ավելի ուժեղանում:
«Հայ կինը չի կոտրվում, առանձնահատկությունը ինձ թվում է դա է»:
Տարիների ընթացքում հայ կնոջ կերպարը փոխվել է, ավելի ակտիվ է դարձել, նախաձեռնող, ներգրավված է բոլոր ոլորտներում,- թվարկում է Նունե Ավագյանն ու ընդգծում.
«Կայացած կնոջ, լավ կնոջ մոտ միշտ կանգնախ է հզոր տղամարդ: Ես բոլոր հայ տղամարդկանց կցանկանայի, որ ազատություն տան իրենց կանանց, նրա գաղափարներին ազատություն տան, որ կինն իր գործունեությունն ավելի լավ ծավալի»:
Զամիրա Իսրայելյանը Տավուշի մարզի Հաղթանակ համայնքն է ներկայացնում, հայ կնոջ առանձնահատկությունների մասին խոսելիս իր և ընտանիքի օրինակն է մատնանշում
«Տարբերվում է իր խոհեմությամբ, հնազանդությամբ, համեստությամբ : Ես հնազանդ եմ, իմ հարսներն էլ իրենց ամուսիններին հնազանդ են»:
Ռաֆֆի Ռշտունին արդեն երեք ու կես տարի է Հայաստանում է, գնահատում է հայ կնոջը դերը կենցաղում, տղամարդկանց կյանքում և ոչ միայն, մարտի ութին ու ընդհանրապես կնոջը նյութական որևէ բան չի պատրաստվում նվիրել. «Մենք արդեն սերը կնվիրենք, ասի ամենակարևորն է, նյութական բաները չի մնա, հիմնական չի, բայց սերը հիմնական է, մենք իրար մեր սերը կնվիրենք : 31 տարի է՝ միասին ենք ու հավիտենական»:
Այսօրվա ամենասպասված նվերն ու շնորհավորանքն ըստ զրուցակիցներիս. «Նվերները կարելի է բաժանել մի քանի խմբի, սակայն, կնոջ համար ամենացանկալի նվերը խաղաղությունն է, համենայն դեպս ինձ համար: Ես կուզեի, որ այս մարտի ութով մեր երկիրն ավելի խաղաղ լիներ: Երբևիցե վայրիվերումներ չլսվեին: Շնորհավորում եմ հայ կանանց մարտի ութը, թող երջանիկ լինեն, բախտավոր, աշխարհին խաղաղություն լինի, մեր զինվորները բարի ծառայեն, որ նրանց մայրերը միշտ մարտի ութը ուրախ սրտով շնորհավորեն»:




