Տնտեսական

Սերգո Կարապետյանի հորդորը՝ կատարել մթերված խաղողի դիմաց վճարումները

xaxox5ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին հրավիրել էր
խորհրդակցություն խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների
մասնակցությամբ:
Հանդիպման նպատակն էր նախորդ տարի մթերված խաղողի դիմաց գյուղացիական
տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման, պատրաստի
արտադրանքի իրացման, 2016 թվականի մթերման ծրագրերի և ոլորտում առկա
խնդիրների քննարկումը:
«Անցած տարի լուրջ խնդիրներ առաջացան մթերումների հետ կապված, և մենք պետք
է ջանքեր գործադրենք այս տարի դրանցից խուսափելու համար` առաջին հերթին
վերամշակող ընկերությունների և գյուղացիական տնտեսությունների միջև
պայմանագրերի կնքման միջոցով, ինչը թույլ կտա հստակեցնել կողմերի
պարտավորությունները, մասնավորապես` վճարումների պայմաններն ու
ժամկետները», — նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Անդրադառնալով նախորդ տարում խաղողի մթերումների հարցում ծագած խնդիրներին`
նախարարը  նշել է, որ կառավարությունը հաշվի առնելով, որ ընկերությունները
շրջանառու միջոցների խնդիրներ ունեին, մատչելի վարկեր տրամադրեց նրանց: Մի
շարք ընկերություններ օգտվեցին այդ հնարավորությունից, և այժմ էլ
պետությունը պատրաստ է օժանդակել բոլոր այն ընկերություններին,  որոնք
համապատասխան գրավի առարկա կարող են ներկայացնել:
Ընդգծելով, որ այժմ առաջնահերթ է վճարումների իրականացման հարցը` հատկապես
հաշվի առնելով այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքների սովորականից
ավելի վաղ սկսվելու հանգամանքը, նախարարը հորդորել է վերամշակող
ընկերություններին մինչև ապրիլի 1-ն ավարտին հասցնել մթերված խաղողի դիմաց
գյուղացիական տնտեսություններին վճարումների կատարումը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ՀՀ գյուղատնտեսության
նախարարի փետրվար ամսին Հնդկաստան կատարած այցի արդյունքները:
Խորհրդակցության մասնակիցներին տրամադրվել են  հայկական արտադրանքի
նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած հնդկական ընկերությունների
կոնտակտները`   գործարար կապեր հաստատելու և հայկական կոնյակն ու գինին
Հնդկաստանի շուկա արտահանելու հնարավորությունների շուրջ բանակցություններ
սկսելու նպատակով: Նախարարը նշել է, որ այս տարվա ընթացքում որոշ հնդկական
ընկերություններ նախատեսում են այցելել Հայաստան, և նախարարությունը նաև
կնախաձեռնի հայկական ընկերությունների հետ  գործարար հանդիպումների
կազմակերպումը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև խաղողագործության և
գինեգործության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր ևս:

Կարդացեք նաև

Back to top button