Մշակույթ

Սերժ Թանգյանը՝ Գյումրու անօթեւան ընտանիքների օգնության մասին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիի անօթևանների խնդրին: Նա տեղեկացրել է, որ իրազեկող հաղորդագրություն է ստացել տնակային պայմաններում ապրող ընտանիքներին ուղղված դրամահավաքի նախաձեռնողներից մեկիցեւ նշել, որ նույնպես դիտարկել են Գյումրու անօթեւան ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հարցը: «Շատ լավ գաղափար է»,-գրել է Թանգյանը:

Երաժիշտը նաեւ կոչ է արել բոլորին օգնել Գյումրու անօթևան ընտանիքներին: Սերժ Թանգյանը նաեւ հրապարակել է երկրաշարժից շուրջ երեք տասնամյակ անց տնակներում բնակվող ընտանիքիների թեմայով «Ալ Ջազիրա» հեռուստատեսության պատրաստած հաղորդման հղումը:

Առցանց դրամահավաքի առաջին 20 օրվա ընթացքում նրանց հաջողվել է հավաքել 12.500 ֆունտ ստերլինգ: Սակայն ակտիվիստները նպատակ ունեն հավաքել 110.000 ֆունտ ստերլինգ, որպեսզի  գյումրիաբնակ 13 ընտանիքի համար բնակարան գնեն:

Հիշեցնենք, որ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը նախաձեռնել է դրամահավաք 1988-ի երկրաշաժից 28 տարի անց Գյումրիում վագոն-տնակներում ապրող բազմաթիվ ընտանիքներին տնով ապահովելու համար: Դրամահավաքի վերջնաժամկետը մարտի 22-ն է:

Հայկ Բարսեղյանի հայրը` հրապարակախոս Լևոն Բարսեղյանը, ֆեյսբուքի իր էջում այսօր տեղեկացրել է, որ 13 ընտանիքներին բնակարաններով օգնելու երիտասարդների կազմակերպած մարաթոնին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը նվիրում է երկու բնակարան` 2-3 սենյականոց, մասնակի կահավորած:

Ի դեպ, նախաձեռնությանը օրեր առաջ բարեգործական համերգով միացել էր Տիգրան Համասյանը:

Կարդացեք նաև

Back to top button