

Մշակութային արժեքների պահպանման խնդիրներին են այսօր անդրադարձել ճարտարապետ Հրաչ Պողոսյանը եւ Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Արձագանքելով նաև Երևանի քաղաքապետարանի գործողություններին՝ բանախոսները նկատել են, որ քաղաքի քանդման գործընթացը նոր չէ, որ սկսվել է: Պարզապես այսօր դա առավել քան ակնհայտ է, քանի որ նոր քանդվող կառույցների կողքին բացակայում է անգամ նորերի կառուցումը: Այս ամենի հետևանքով մեր ազգի հիշողությունն էլ երբեմնի Երևանի մասին կամաց- կամաց ջնջվում է, ասել է ճարտարապետ Հրաչ Պողոսյանը:
Երևանի դժբախտությունը կայանում է նրանում, որ պատմական իրադարձությունների բերումով, հին, միասնական քաղաքի կենտրոն հասկացողությունը երբեք էլ չի ունեցել, իսկ ամենացավալին այն է, որ անգամ տարիների ընթացքում կառուցված արժեքները ժամանակ առ ժամանակ քանդվել են՝ ջնջելով նաև մեր ազգի հիշողությունը պատմական այդ արժեքների վերաբերյալ:
Երևանի ճակատագիրը շատ է անհանգստացնում նաև Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին: Պարզապես նրան ոչ միայն քաղաքի քանդումն է ցավ պատճառում, այլև նոր արժեքների կառուցման բացակայությունը:
Այսպիսով՝ հին և նոր երևանցիների աչքի առջև կառուցվեց Երևանը: Իհարկե կային երևանցիներ, ովքեր ինչ-ինչ կառույցներին դեմ էին, բայց արդյունքում կառուցվեց մի քաղաք, որը դարձավ ճարտարապետական արժեք, որն այսօր աստիճանաբար քանդում են:
Ուզում ենք տուրիստների հյուրընկալենք և նրանց ցույց տանք մեր երևանը, բայց հին Երևանից այլևս բան չի մնացել ցուցադրելու, նկատեց Զավեն Սարգսյանը: Իսկ ճարտարապետ Հրաչ Պողոսյանն այս ամենից եզրակացնում է՝ մինչև չփոխվի մեր ազգային գիտակցությունը, քաղաքի պահպանման խնդիրը միշտ էլ կմնա արդիական և առանց լուծման:




