Հասարակություն

Դասավանդե՞լ եկեղեցու պատմություն տարրական դասարաններում, թե՞ ոչ

sonahakobyan
«Դասավանդե՞լ Հայոց եկեղեցու պատմություն 2-4-րդ դասարաններում, թե՞ ոչ». այս թեմայի շուրջ են այսօր բանավիճել կրթության փորձագետները: Եթե կրթության հարցերով փորձագետ Արմինե Դավթյանը կարծում է, որ առարկայի բովանդակությունը եկեղեցու պատմություն չէ, այլ քարոզչություն է, ինչի հետևանքով բարոյական և հոգեբանական ճնշման թիրախում են հայտնվել կրոնական այլ համոզմունքներ ունեցող ընտանիքների երեխաները, ապա Կրթության ազգային ինստիտուտի փորձագետ Անահիտ Բախշյանը կարծում է,  որ դավանանքը ծնվում է երեխայի հետ և եթե երեխան վաղ տարիքից հասկանա պատվիրանների արժեքը, ավելի մեծ տարիքում արդեն առողջ հասարակության անդամ կդառնա:

 


Հայոց եկեղեցու պատմության առարկան հանրակրթական դպրոցներում դասավանդվում է 2003 թ-ից: Եթե տարիներ շարունակ այն դասավանդվել է  5-ից 11-րդ դասարաններում, ապա պիլոտային ծրագրով առարկան որոշ դպրոցներում դասավանդվում է նաև 2-րդ դասարանից սկսած: Տարիներ շարունակ այս առարկայի պարտադիր դասավանդումը մշտապես քննարկումների կենտրոնում է եղել: Հասարակական որոշ կազմակերպություններ պնդում են, որ հանրակրթական դպրոցներում այս առարկայի դասավանդման հետևանքով բարոյական և հոգեբանական ճնշման թիրախում են հայտնվել կրոնական այլ համոզմունքներ ունեցող ընտանիքների երեխաները:

Խնդիրը դարձյալ արդիական է, այս անգամ խոսքը վերաբերում է ավելի փոքր տարիքային խմբին:  Կրթության հարցերով փորձագետ Արմինե Դավթյանն այս առարկայի դասավանդման մեջ տեսնում է ակնհայտ քարոզչություն և առաջարկում է վերանայել ոչ միայն առարկայի բովանդակությունը, այլև ընդհանրապես առարկան լինել, չլինելու հարցը:

Դավանանքը ծնվում է մարդու հետ, շտապում է հակադարձել  Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Ավելին, կրթության փորձագետը կարծում է, որ այս առարկան պետք է ներդրվի ոչ թե 2-րդ, այլ առաջին դասարանից:

Ի վերջո, եթե երեխան վաղ տարիքից հասկանա պատվիրանների արժեքը, ավելի մեծ տարիքում արդեն առողջ հասարակության անդամ կդառնա, հավելեց Անահիտ Բախշյանը:

Միևնույն ժամանակ չանտեսելով կրոնական փոքրամասնությունների իրավունքները՝ Անահիտ Բախշյանը առաջարկեց առաջնորդվել այն նույն օրինակով, որը կիրառում էր իր դպրոցում տնօրեն եղած տարիներին:

Հիշեցնենք, որ առարկայի դասավանդումը 2-4-րդ դասարաներում դեռևս պիլոտային է իրականացվում և առարկան ներդնելու համար դիմում են իրենք՝ դպրոցները: Այժմ պիլոտային ծրագրին մասնակցում է 100 դպրոց:

Կարդացեք նաև

Back to top button