Քաղաքական

ՀՀ-ԵՄ-ն ձեւավորում են շրջանակային համաձայնագրի նոր, իրական հիմքեր. Սվիտալսկի

lianaeghiazaryan
ՀՀ-ն եւ Եվրամիությունը մտել են բանակցությունների նոր` կառուցողական փուլ: Հարաբերությունների նոր մոդել ենք ձեւավորում: Քաղաքական երկխոսությունը բավական լավ առաջ է գնում: Այսօր Երեւանում այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին` խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերություններում և նոր բանակցային գործընթացում առկա խնդիրների և հեռանկարների, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության օրակարգի վերաբերյալ հարցերի մասին: «Բայց քննարկվող շրջանակային համաձայնագիրը լինելու է հատակը, ոչ թե առաստաղը: Իսկ մինչ առաստաղը հասնելու դեռ շատ քայլեր կան իրականացնելու»,-շեշտել է դեսպանը:

 

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո Եվրամիության հետ տարիներով քննարկված ասոցացման համաձայնագիրն ու բանակցությունները անորոշ վիճակում հայտնվեցին: Այսօր անորոշությունն արդեն հետեւում է. Հայաստանը և Եվրոպական Միությունը 2015 թ.-ի դեկտեմբերի 7-ին վերսկսել են բանակցությունները երկկողմ հարաբերությունների նոր իրավական բազայի ձևավորման շուրջ:  Ինչ փուլում են դրանք եւ ինչ են խոստանում: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին խիստ լավատեսությամբ է արտահայտվում` նախ տեղեկացնելով` Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը պետք է հիմնված լինի նախկինում բանակցված ասոցացացման համաձայնագրի վրա: Բայց առանձին կետերի ճշգրտման կարիք կլինի, հատկապես` համաձայնագրի՝ առևտրի և ներդրումների բաժինը: Փետրվարի 15-ին Հայաստանի և Եվրամիության պատվիրակությունները կքննարկեն նոր ձևավորվելիք օրակարգը:

Անցյալ տարի նախագահ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը  այցելեց Հայաստան: Այս տարի սպասվում է ԵՄ նոր գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը, որը կազդարարի ԵՄ մեծ պատրաստակամությունը` ձևավորելու արդյունավետ համագործակցություն Հայաստանի հետ: Այցը կլինի շատ շուտով, աշխատանքային օրակարգն է ձեւավորվում, բայց ժամկետեր նշել Սվիտալսկին չի շտապում: Փոխարենը շտապում է շեշտել` ԵՄ-ն այսօր հնարավորություն է ընձեռում լինել և եվրասիական ինտեգրման նախագծում, եւ ՀԱՊԿ անդամության պայմանագրում, և միաժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, որը Հայաստանի համար խոշորագույն դոնոր է: Եվրոպական շուկան շարունակում է բաց մնալ Հայաստանի համար:

«ԵՄ-ն խոշորագույն օտարերկրյա դոնորն է Հայաստանի: 50 մլն եվրո ենք ամեն տարի ծախսում` ի շահ Հայաստանի քաղաքացիների` խոշորագույն ներդրում կատարելով»:

Շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են` դրանք հնարավորին չափ արագ ավարտելու ցանկությամբ, հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Բարդ հարցեր, մարտահրավերներ կան, բայց դեսպանը հուսով է, որ բանակցությունը կանցնի հարթ եւ հնարավոր կլինի հասնել փոխադարձաբար ընդունելի լուծումների ու գործընկերության առաջնայնությունների սահմանման: Ինչ խրթին հարցեր կան, որոնք բարդացնում են ՀՀ-ԵՄ գործակցությունը: «Դուք մեզանից լավ գիտեք, որտեղ են խնդիրները»,-անկեղծացավ բանախոսը: Առաջին հերթին` ընտրական գործընթացներում: GSP+ ընդհանրացված արտոնությունների համակարգի քննարկման ժամանակ վերջերս Հայաստանին առնչվող մի շարք խնդիրներ բարձրաձայնվեցին, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության մասով: Խտրականության բացառում, փոքրամասնությունների հարցեր, կանանց դերի բարձրացում. Սրանք եւս նոր անելիքներ պահանջող ոլորտներից են: Կոնկրետ մարդու իրավունքների պաշտպանության կոնկրետ բյուջետային ծրագիր ենք իրականացնում: Այլ հարցերում եւս Հայաստանը կարող է ակնկալել մեր օժանդակությունը: Մենք ոչինչ չենք թելադրում, բայց ասում ենք, որ ընդհանուր արժեքներն են մեր գործընկերության հիմքը: 

«2017-ի ընտրությունները վճռորոշ կլինեն Հայաստանի համար: Սա նոր սահմանադրական կարգի հիման վրա առաջին համապետական ընտրություններն են լինելու ու նախադեպ, հուսով ենք` լավ նախադեպ», ասաց Սվիտալսկին ու շարունակեց` սա նախ շարքային քաղաքացու վստահության արդարացման- չարդարացման, ապա Հայաստանի միջազգային հեղինակության հարցը կլինի: Եթե այս անգամ էլ ընտրության թափանցիկությունը կասկածներ առաջացնի, դրանք առաջին հերթին կվնասեն Հայաստանի հեղինակությանը` սկսած արտաքին առւետրից, ներդրումներից:

Կարդացեք նաև

Back to top button