

Կառավարության նիստի ավարտին գնումների ընթացակարգի կազմակերպման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա տեղեկացրել է, որ «Հակաճգնաժամային հիմնադրամի հետ մենք կնքվել է բյուջետային աջակցություն ստանալու մասին վարկի համաձայնագիրը»: Ընդգծել է, որ անդամ բոլոր պետությունները մերժվել են, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության, քանի որ վերցրած պարտավորությունները շատ ավելի բարձր էին, համահունչ էին ինչպես հիմնադրամի, այնպես էլ Համաշխարհային բանկի՝ նման դեպքերում առաջադրվող պայմաններին:
«Դրանցից մեկը վերաբերում էր գնումների գործընթացին, որը հետևյալն է՝ մեկ աղբյուրով կատարվող գնումները տարվա ընթացքում չպետք է գերազանցեն 10 տոկոսը, իսկ հաջորդ տարի՝ 7 տոկոսը: Հաշվի առնելով նախորդ տարիների շարունակական ծրագրերը՝ մենք արդեն մոտ ենք այդ 10 տոկոսի սահմանագծին, և ուզում եմ հորդորել մեր գործընկերներին, որպեսզի ձեռնպահ մնան այդ դրույթից: Միաժամանակ տեղեկացնեմ, որ հանրապետության վարչապետի հանձնարարությամբ մեկ տարվա ընթացքում գնումների ընթացակարգի այդ գործառույթները կառավարության աշխատակազմի հետ հստակեցվել, պարզեցվել են: Էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս այդ եռաստիճան համակարգից օգտվելու, որպեսզի գործառույթները, գործընթացները լինեն շարունակական, առանց հետաձգումների. կա 10-15 օրվա կարճ գործընթաց, որից դուք կարող եք օգտվել: Ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումները կարող են համապատասխան պարզաբանումներ տրամադրել: Նշեմ նաև, որ այդ օրենսդրական, ինչպես նաև գործառույթների փոփոխությունները միաժամանակ քննարկվել են բոլոր գերատեսչությունների հետ, և բոլորի կարծիքները հաշվի են առնվել: Խնդրում եմ օգտվել այդ կարճ ընթացակարգերից»:




