
Մոսկվան «վտանգավոր ապատեղեկատվության տարածում» է համարում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի հայտարարությունը, որ ՌԴ-ն ու Իրանը խոչընդոտում են սիրիական հակամարտության կարգավորմանը, հայտնում է Բի Բի Սի- ն։
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունն անվանել է «վտանգավոր ապատեղեկատվություն»:
Համոնդն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվայի գործողությունները Սիրիայում ուժեղացնում են «Իսլամական պետության» դիրքերը: «Ռուսներն ասում են, թե ցանկանում են ոչնչացնել ԻՊ-ին, սակայն նրանք ոչ թե ԻՊ-ին են ռմբակոծում, այլ չափավոր ընդդիմությանը: Ռուսական ավիահարվածների մեկնարկից ի վեր մարդկանց հոսքը, որոնք փախստականների ճամբարներից Սիրիա էին վերադառնում, դադարել է։ Հատկապես Սիրիայի հարավային մասերում Ռուսաստանի գործողությունների հետևանքով փախստականների հոսքի աճ է նկատվում»,- ասել է Համոնդը։




