Տնտեսական

Հայ-բելառուսական գործակցության վրա ԵՏՄ արդյունքը դեռ տեսանելի չէ, բայց հույսեր կան

lianaeghiazaryan

Երեւանում այս օրերին անցկացվում է հայ-բելառուսական գործարար համաժողով: Որքանո՞վ է նպաստել ԵՏՄ անդամակցությունը երկու երկրների միջեւ գործակցության աճին, երկու կողմում էլ դեռ դժվարանում են գնահատել: ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկն այսօր համաժողովի ժամանակ կասկածի տակ է դրել արեւմտյան պատժամիջոցների խելամտությունը, որոնք լրջորեն հարվածում են ԵՏՄ անդամ առանձին երկրների տնտեսություններին, բայց միաժամանակ շեշտել է` սա նաեւ նոր ազդակ է` առաջ գնալու:

 

Հայկական գինիները, հանքային ջրերը, հյութերը, կոնյակը մեր երկրի հիմնական արտադրատեսակներն են` ներկայացված բելառուսական շուկայում: Առավել հարուստ է այդ երկրի ապրանքների տեսականին` ներկայացված մեր երկրում` ձկնամթերքից մինչեւ «Բելազ»: Շուրջ 40 մլն դոլարի ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ բավարար չէ, Երեւանում անցկացվող հայ-բելառուսական գործարար համաժողովի ժամանակ շեշտում է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանը:

Իգոր Նազարուկը հուսով է` առաջիկայում ոչ միայն այդ ծավալները կավելանան, այլեւ շուկաների միջեւ հավասարակշռություն կլինի: Դեսպանն այս ակնկալիքներից խոսում է` չհերքելով տնտեսական լրջագույն խնդիրների առկայությունը: «Կարծում եմ` հետաքրքրությունների աճ կլինի շուտով` չնայած այն բացասական երեւույթներին, որոնք առկա էին անցյալ տարի` կապված արժութային եւ նավթային շուկաների «տենդի» հետ:

Հայ-բելառուսական գործակցությունն այսօր առավելապես փոխադարձ գնումների տեսքով է: Այն ավելի լուրջ տեսք կստանա համատեղ ձեռնարկությունների հիմնումով, վստահ է մեր երկրում Բելառուսի դեսպանը, ով շեշտում է` ԵՏՄ-ն նոր հնարավորություններ է տալիս այս առումով: Միությանն անդամակցությունը մի շարք առեւտրային համաձայնագրեր է նախատեսում:

«Որոշ հոռետեսներ մեր երկրների միջեւ առեւտրի ծավալը չափում են` դոլարով արտահայտված թվեր մատնանշելով, մոռանալով, սակայն, որ դոլարն էլ է էժանացել: Այդ պատճառով մեր երկրների միջեւ գործակցությանը պետք է նայել քանակի ավելացման տեսանկյունից: Իսկ այդ առումով աճ, հաստատ, կա»,- ասում է Իգոր Նազարուկը ու շարունակում` այնուամենայնիվ, գործակցության ներուժի դեռ խիստ փոքր մասն է օգտագործվում:

Նոր զարգացումներին խանգարում են նաեւ արեւմտյան պատժամիջոցները, որոնք ամենաուղղակի ազդեցությունն են ունենում երկու երկրների տնտեսությունների վրա: «Խիստ տհաճ է խոսել այն մասին, որ ԵՏՄ առանձին անդամ երկրների վրա ազդում են մեր արեւմտյան առեւտրային գործընկերների կիրառած պատժամիջոցները: Սա երեւի ամենաքաղաքակիրթ տարբերակը չէ, հատկապես, երբ մենք ապրում ենք «լուսավոր» 21-րդ դարում: Ամեն դեպքում` սա առիթ է ներքին ներուժն ավելացնելու ու առաջ գնալու համար»:

Հայաստանում գործարար նոր կապեր գտնելու հարցում լիահույս է նաեւ բելառուսցի գործարար Բորիս Միսկեւիչը, ով ներկայացնում է քաղցրավենիքի խոշոր արտադրություն Բելառուսում: Փոքր շուկան էլ շուկա է, ասում է, «Մեր արտադրության զեֆիրն ու մարմելադը հայ սպառողն էլ կգնահատի»: Քաղցրավենիքի մի քանի խմբաքանակ արդեն հասել է Երեւան: Հայ-բելառուսական համատեղ ֆիրմայի ծրագիրն էլ արդեն իրականության շեմին է:

Հայ-բելառուսական «Ար-Բե» միությունն էլ պատրաստ է օժանդակել: Հայաստանյան հարկային մարմինների հետ խնդիրների դեռ չեն առնչվել, մանրամասնում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը: «Որեւէ խնդիր չի եղել, հուսով եմ` չի էլ լինի: Մենք բավականին լուրջ կազմակերպություն ենք: Արտահանման լուրջ աշխարհագրություն ունենք` Մոնղոլիայից, Չինաստանից սկսած` մինչեւ Ավստրալիա, Սինգապուր: Հայ-բելառուսական միության աջակցությամբ պետք է որ Հայաստանի հետ աշխատանքն էլ սահուն ստացվի»:

Բելառուսական շուրջ 1 տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ այս օրերին Հայաստանում փնտրում են գործարար նոր կապեր: Նախապես ուսումնասիրել են հայաստանյան շուկան, բայց տեղում քննարկումները գերադասելով` Երեւանում անձամբ հայ գործարարների հետ են ճշգրտում խնդիրներն էլ, հեռանկարներն էլ:

Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը հիշեցնում է, որ արդեն երկրորդ նման հանդիպումն է կազմակերպվում: Նախորդի արդյունքներից խոսելը դժվար է, գործարար կապերը կոմերցիոն հարց են, իրենք մանրամասներին տեղյակ չեն: Բայց հետաքրքրությունը կա, Հայաստանն էլ այսպիսով փորձում է արտահանման ծավալներն ավելացնել:

Կարդացեք նաև

Back to top button