
Ոչինչ չի կարող վախեցնել ֆրանսիացիներին. այսպես է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր «Իսլամական պետության» նոր սպառնալիքներին։ «Սպառնալիքները չեն ստիպի մեզ կասկածի տակ դնել ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը», — նախագահի խոսքն է մեջբերել Le Figaro-ն: Օլանդը նաև հիշեցրել է իր վերջին նախաձեռնության մասին՝ անհրաժեշտության դեպքում երկարաձգել փարիզյան ահաբեկչություններից հետո երկրում հայտարարված արտակարգ դրությունը: Հարցը քննարկվելու է փետրվարի 3-ին՝ Նախարարների խորհրդի նիստի ընթացքում:
Նախօրեին «Իսլամական պետություն» ահաբեկչակամ խմբավորումը հրապարակել է հերթական տեսաուղերձը: 18 րոպե տևողությամբ ձայնագրության մեջ, բացի ավանդական սպառնալիքներից, ցուցադրվում են կադրեր՝ Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչություններն իրականացրած գրոհայինների մասնակցությամբ: «Կսպանենք նրանց այնտեղ, որտեղ կհանդիպենք». վերնագրված է տեսագրությունը, որը տարածվել է մի քանի լեզուներով:
Տեսագրության գլխավոր «ուղերձը» հետևյալն է.«Սենք սառնասիրտ մարդասպաններին ուղարկել ենք ձեր երկիր, որպեսզի սպանենք ձեզ և նորից կանենք դա»:
Ահաբեկիչներից մեկն այն արտաբերում է ֆրանսերենով: Տեսաուղերձում սպառնալիքներ են հնչում նաև Մեծ Բրիտանիայի հասցեին, որը անցյալ տարեվերջից «Իսլամական պետության» դիրքերին բացի Իրաքից սկսել է հարվածներ հասցնել նաև Սիրիայում:
Ավելի վաղ տարածած տեսաուղերձում ահաբեկիչները սպառնացել էին նաև Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին՝ խոստանալով կրկնել փարիզյան դեպքերն այն պետություններում, որոնք մասնակցում են ԻՊ դեմ գործողություններին:




