

Ի՞նչ տվեց Հայաստանին ԵՏՄ անդամակցության առաջին տարին, ինչո՞ւ մեկ ամբողջ տարվա ընթացքում, լավատեսական բոլոր սցենարներով հանդերձ, ոչ միայն չավելացան, այլեւ կրճատվեցին ներդրումները, արտահանումը, ՌԴ-ից Հայաստան ուղարկվող տրանսֆերտները, մեր քաղաքացիների եկամուտները: Իսկ գործակցության ծավալներն այդպես էլ չավելացան: Տնտեսագետներ Աշոտ Թավադյանը, Թաթուլ Մանասերյանն ու վերլուծաբան Արամ Սաֆարյանը, այնուամենայնիվ, վստահ են` ԵՏՄ անդամակցությունը այլընտրանք չունի: Իսկ օգուտներին պետք է հասնել նաեւ սեփական տնտեսական քաղաքականության վերանայմամբ:
ԵՏՄ անդամ դառնալով հանդերձ` Հայաստանը տնտեսական շատ խնդիրներ այդպես էլ չկարողացավ հաղթահարել: Սակայն մեզ համար տարածաշրջանային մարտահրավերները որոշակիորեն մեղմվել են, և մենք ստացանք 30 տոկոս զեղչ գազի գների առումով, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանի դիտարկումն է:
Մասնագետը վստահ է, որ մեր երկիրն իր սպասելիքները ձեւակերպելուց առաջ նախ ինքը պետք է սեփական տնտեսության մեջ փոփոխությունների գնա: Մենք թանկ փողերի քաղաքականություն ենք վարում: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.25 է:
Հարեւան Վրաստանում, օրինակ, դա մոտ 4 տոկոս է: Բանկերի միջոցով գումարների տեղաբաշխումը պետք է շատ ավելի ցածր տոկոսադրույքով կատարվի: Սա նաեւ նոր Սահմանադրության պահանջն է: Այլապես այս պայմաններում տնտեսություն զարգացնել հնարավոր չէ, վստահ է Աշոտ Թավադյանը, ով իր մյուս դիտարկումներն այսպես է ձեւակերպում: «Փոխարժեքը կորցրել է զգայունությունը տնտեսության նկատմամբ: Դա մեզ համար մարտահրավեր է, որին պետք է պատրաստվենք դիմակայել»:
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը վստահ է` Հայաստանը պետք է ապրանքների արտահանումն ապահովագրի փոխարժեքի տատանումներից, արտահանման եւ ՀՆԱ հարաբերակցությունը ներկա 15 տոկոսից պետք է հասցվի մինչեւ 30 տոկոսի: Կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրի հիմնական անելիքներից է: Դրան պետք է հասնել տնտեսական օրենքների փորձաքննությամբ:
Վիճակագրությունը, սակայն, փաստում է, որ ԵՏՄ անդամակցության լավատեսական բոլոր սցենարներով հանդերձ, կրճատվեցին Հայաստանից արտահանումը, քաղաքացիների եկամուտը, էներգակիրների գները բարձրացան: Այս դիտարկմանն ի պատասխանը` պրոֆեսորը պատասխանում է, որ Հայաստանը կարող է եւ իրավունք ունի պահանջել գազի եւ էլեկտրաէներգիայի գների նվազեցում` անցում կատարելով ռուսական ռուբլով հաշվարկների: «Տարածաշրջանային դժվարությունները, որոնց առաջ կանգնեց նաեւ ՀՀ-ն, որոշակիորեն մեղմվել են ԵՏՄ անդամ դառնալու արդյունքում: Մենք պետք է սովորենք օգտվել այն փաստաթղթի առավելություններից, որի տակ ստորագրել են բոլորը»։
ԵՏՄ առաջին տարին՝ 2015 թվականը, լի էր փորձություններով: Սա կայացման դժվարին տարի էր, իր հերթին նկատում է պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը: Բայց ԵՏՄ-ն որքան էլ կայացման փուլում է և խոցելի տեղեր ունի, այնուամենայնիվ, Մանասերյանը չի տեսնում այլընտրանք ոչ դրա գոյությանը` որպես տարածաշրջանային միության, ոչ էլ Հայաստանի մասնակցությանը այս միությանը: Դրանից հրաժարվելը մեզ համար համար տնտեսական և քաղաքական առումով կլիներ ինքնասպանություն:
2016-ը Հայաստանին կտա հնարավորություններ միանգամից մի քանի ասպարեզներում` ՏՏ-ի, առողջապահության, շինարարության, գիտատար այլ ոլորտներում: «Ազգային հստակ օրակարգ պետք է ձևավորենք»,-շեշտեց Մանասերյանը: «Հայաստանն այս դեպքում կարող է նաեւ բավականին լուրջ գործընկեր լինել` օգնելու շտկել իրավիճակը եւ առանձին երկրներում, եւ ընդհանրապես ԵՏՄ մեջ: Իհարկե, կան արժութային կայունության առումով խնդիրներ, որոնք մենք կարող ենք քննարկել: Բայց, իմ խորին համոզմամբ, Հայաստանը, շնորհիվ իր դրամավարկային խիստ հավասարաշկիռ քաղաքականության, 2015-ը փակեց որպես միակ երկիրը հետխորհրդային տարածքում, որտեղ փոխարժեքի տատանումների առումով ընդհանրապես ցնցումներ չեղան»:
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը եւս կասկած չունի` Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը ճիշտ քայլ էր: Սաֆարյանը Հայաստանի եկող տարվա անելիքներից առանձնացնում եւ շեշտում է Իրանի հետ գործակցությանը նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը: «2016-ին շարունակվելու են գլոբալ անապահովության միտումներ մեր տնտեսությունների մեջ առանց բացառությունների: Այս պայմաններում ընձեռվում է բացառիկ հնարավորություն` լրջորեն մտածելու մեր, եւ նախեւառաջ ՌԴ տնտեսությունն ինքնաբավության հողի վրա տեղափոխելու մասին»։




