

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ամփոփել է 2015 թվականի էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում կատարված աշխատանքները: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախարարը նաեւ անդրադարձել է Ռուսաստանի կողմից Հայաստանին գազի մատակարարման գնի հնարավոր նվազեցման վերաբերյալ խոսակցություններին:
2015 թվականի ընթացքում Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ներկրել է 1 մլրդ 920 մլն 900 հազար խմ բնական գազ, իսկ Իրանից՝ 371 մլն խմ, այսօր հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ նշելով, որ նախորդող տարվա համեմատությամբ ՌԴ-ից ներմուծված գազի ծավալը նվազել է 6,8 տոկոսով:
Դա, նախարարի խոսքով, պայմանավորվել է նախեւառաջ ներքին սպառման ծավալի նվազմամբ: Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ սպառումը կրճատվել է հատկապես ջերմային կայաններում։ Ինչ վերաբերում է գազամատակարարման համակարգում տեխնոլոգիական կորուստներին. նախարարի փոխանցմամբ, դրանք կազմել են 6,2 տոկոս։
Արդյո՞ք կառավարությունը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ գազի սակագինը վերանայելու հարցով՝ նախարարից հետաքրքրվեց լրագրողներից մեկը: «Իրոք, ՀՀ կառավարությունը դիմել է ՌԴ կառավարությանը՝ գազի գնի վերանայման հետ կապված: Այսօր բանակցությունների փուլում է եւ մնացած բոլոր խոսակցությունները հիմնավոր չեն: Վերջնական որեւէ որոշում չկա»,- արձագանքեց նախարարը։
Երվանդ Զախարյանը շեշտեց, թե կառավարությունը շահագրգիռ է. հասկանում է հարցի կարեւորությունը, ինչի համար էլ դիմել է ՌԴ-ին եւ այդ ուղղությամբ փորձում է աշխատել: «Աշխատում ենք ամեն ինչ անել, որպեսզի վերանայվի»։
Ասուլիսում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր անդրադարձավ նաեւ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցին: Ի դեպ, այն պահին, երբ նախարարն ասուլիս էր տալիս՝ դրսում հավաքվել եւ բողոքում էին մի խումբ նաիրիտցիներ՝ բարձրացնելով «Նաիրիտի» գործարկման հարցը, ինչին նույնպես անդրադարձավ նախարարը:
Երվանդ Զախարյանը նախ տեղեկացրեց, որ Միջպետական բանկի՝ «Նաիրիտի» ամբողջ գույքի նկատմամբ գրավի իրավունքներն արդեն փոխանցվել են ՀՀ կառավարությանը: «Այսօր տարվում են կազմակերպական, ձևակերպման աշխատանքներ եւ, ինձ թվում է, մոտակա ամիսներին ձեւակերպման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն»:
Ինչ վերաբերում է «Նաիրիտ»-ի վերագործարկմանը. Երվանդ Զախարյանը շեշտեց, թե ինչպես դրանում գործարանի նախկին և ներկա աշխատակիցներն են շահագրգիռ, այնպես էլ կառավարությունը եւ ամեն ինչ անում է դրա համար: «Տարբեր ընկերությունների, կազմակերպությունների հետ այսօր էլ տարվում են բանակցություններ՝ «Նաիրիտի» հետագա վերագործարկման հարցի հետ կապված: Ինչ արդյունքների կհասնենք՝ դա ցույց կտա ժամանակը»:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, բավականին մանրամասն ներկայացնելով 2015 թվականին ոլորտում կատարված աշխատանքները, նաեւ մեր երկրում արտադրված ու արտահանված էլեկտրաէներգիայի ծավալները ներկայացրեց թվերով: 2014 թ. համեմատ՝ 0,62 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա է թողարկվել, նշեց նա: 2015 թվականը ծանր տարի էր՝ կապված թանկացումների հետ, ինչը ոչ ցանկալի երևույթ էր, և մենք ստիպված գնացինք դրան, ասաց նախարարը:
Երվանդ Զախարյանը նաեւ շեշտեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում 2015 թվականին արձանագրվել է էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների կրճատում, դրանք կազմել են 11,1 տոկոս, իսկ նախորդ տարի ՀԷՑ-ում կորուստները հասնում էին 12,73 տոկոսի։ «Մեր գնահատականը հետեւյալն է՝ կորուստների նվազումը նոր սեփականատիրոջ կողմից լուրջ, հետեւողական եւ արդյունավետ կառավարման արդյունք է: Մենք բազմիցս նշել ենք, որ նախկին սեփականատիրոջ մոտ տեղի է ունեցել ՀԷՑ-ի անարդյունավետ կառավարում»:




