Հասարակություն

Աթեշյանը մեկնաբանել է Աղթամարի եկեղեցում պատարագների անցկացման վերաբերյալ կառավարության որոշումը

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանն անդրադարձել է Վանի  Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագներն ավելացնելու վերաբերյալ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության որոշմանը: ermenihaber.am-ի փոխանցմամբ, Աթեշյան ասել է, որ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագների քանակի ավելացումն իրենց համար կարևորություն չի ներկայացնում: Ըստ Աթեշյանի՝ առայժմ կարող են տարին ընդամենը մեկ անգամ պատարագ մատուցել:

Պատրիարքի փոխանորդն այս հանգամանքը բացատրել է պատարագի մասնակիցների քանակի նվազմամբ և տարածաշրջանում տիրող իրավիճակով՝ հիշեցնելով, որ 2015-ի սեպտեմբերին նախատեսված պատարագը տարածաշրջանում տեղի ունեցող զինված բախումների պատճառով չկարողացան անցկացնել:

Անդրադառնալով Սուրբ Խաչում պատարագներն ավելացնելու որոշմանը՝ Աթեշյանն ասել է. «Առանց այդ էլ պատարագի մասնակիցները տարին 1 անգամ են կարողանում գալ: Նախորդ տարիներին 1000-ից ավել մասնակիցների թիվը նվազել է՝ հասնելով մոտ 500-ի: Այս որոշումը մեզ համար որևէ փոփոխություն չի բերում և պարտադիր բնույթ չունի: Սակայն, եթե արտերկրից ինչ-որ խմբեր գան և մեզ դիմեն պատարագի անցկացման համար, այդ ժամանակ մենք կարող ենք օգտվել մեր այս իրավունքից: Այնուամենայնիվ, մենք ամեն տարի սեպտեմբերի 2-րդ շաբաթվա մեջ պատարագ մատուցելու ենք»,-ասել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդը:

Հիշեցնենք՝ Թուրքիայի կառավարության որոշմամաբ, Վանի  Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագներն այսուհետև կարող են մատուցվել ոչ թե տարին մեկ անգամ, այլ՝ ըստ անհրաժեշտության, ցանկացած ժամանակ:

Կարդացեք նաև

Back to top button