

2016 թվականը կրթության բնագավառի համար համարելով ծանրաբեռնված, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տարեվերջին ակնկալում է արդյունք: Անդրադառնալով գերատեսչության 2016 թվականի գործունեությանը, գերակա խնդիրներին և միջոցառումներին, նախարարը նշել է, որ տարվա ընթացքում կշարունակվեն արդեն մեկնարկած բարեփոխումները, որոնց բնականաբար կավելանան նաև նոր նախաձեռնություններ: Ըստ այդմ՝ հանրակրթական ոլորտում կշարունակվի նախադպրոցական կրթության ընդլայնման ծրագիրը,դպրոցներում կշարունակվի ներդրվել ազգային երգ ու պար առարկան: Բարեփոխումները կշարունակվեն նաև ներառական կրթության ոլորտում: Արմեն Աշոտյանը անդրադարձել է նաև դպրոցներում արձակուրդների երկարաձգմանն ու բաց թողնված դասերի լրացմանը:
Կրթությունը կարևոր է, բայց առողջությունը շատ ավելի թանկ է: Թեև դպրոցների ու մանկապարտեզների արձակուրդները դարձյալ երկարաձգելու հանձնարարական դեռևս չկա, բայց արդեն հայտնի է, թե ինչպես են լրացվելու բաց թողնված դասերը, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը նկատեց, որ բաց թողնված դասերը լրացնելու համար անհրաժեշտ է ևս հինգ ուսումնական օր: Բացը լրացնելու համար դպրոցները կարող են ընտրել 6-օրյա աշխատանքային շաբաթը: Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև գերատեսչության 2016 թվականի գործունեությանը, գերակա խնդիրներին և միջոցառումներին: Աշոտյանի տեղեկացմամբ՝ տարվա ընթացքում կշարունակվեն արդեն մեկնարկած բարեփոխումները, որոնց բնականաբար կավելանան նաև նոր նախաձեռնություններ: Ըստ այդմ՝ հանրակրթական ոլորտում կշարունակվի նախադպրոցական կրթության ընդլայնման ծրագիրը, շուրջ 30 նախակրթարան կհիմնվի 6000 երեխաների համար, կվերանորոգվի 5 ավագ դպրոց, ևս 15-ի համար նախագծային աշխատանքներ կիրականացվեն:
Բարձրագույն կրթության ոլորտում նա առանձնացրեց «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքի» մշակման քայլերը: Օրենքի նախագիծն արդեն պատրաստ է: Բարձրագույն կրթության ոլորտում շարունակվելու են նաև որակի ապահովման միջոցառումները՝ մասնավորապես ազգային հավատարմագրման գործընթացը: Շանորնակվելու են նաև հակակոռուպցիոն ռազմավարությանը միտված ծրագրերը:
Արմեն Աշոտյանն ակնկալում է, որ այս տարի կընդունվի նաև ասպիրանտուրայի ընդունելության նոր կարգը, որն ավելի թափանցիկ կդարձնի գործընթացը, նմանատիպ մի փաստաթուղթ էլ մշակվել է գիտական աստիճանաշնորհման գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու համար:




