Մշակույթ

Հոբելյանական երեկո՝ նվիրված արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին

alisagevorgyan
Մշակույթի նախարարության աջակցությամբ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում երեկ տեղի է ունեցել  հոբելյանական երեկո` նվիրված արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին: Երեկոյի բեմադրիչն էր Հայաստանի ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Միջոցառմանը մասնակցել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

«Գրողը ճանապարհ է դուրս գալիս առավոտ կանուխ, բոլորից առաջ, երբ աքաղաղն անգամ առաջին կանչն արած չի լինում, բայց երբեք որևէ տեղ չի հասնում, նրա կարևորությունը միշտ գնալու մեջ է». Լևոն Խեչոյան:

Գրողի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ընթացքում Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանախումբը ներկայացրեց  արձակագրի «Դատախազի թաղումը» և «Կարմիր կոշիկները» պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացումների առաջնախաղերը:

«Խեչոյանի արձակը հեշտ չէ դրամատուրգիայի վերածել, այն շատ հարազատ է իմ ձեռագրին: Երկու տարի առաջ ես հասկացա, որ Խեչոյանը իմ գրողն է»,-ասում է երեկոյի բեմադրիչ,  ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:

Խեչոյանի կյանքի տարբեր ժամանակաշրջանները  ներկայացնող գրական-գեղարվեստական կոմպոզիցիա՝ դերասանների, ասմունքողների և երաժիշտ կատարողների մասնակցությամբ: Մհերի դռան գրքից  մի հատված հանդիսատեսին ներկայացրեց  ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը,  Լևոն Խեչոյանը նրան  համարում էր մեր ժամանակների լավագյուն դերասանուհիներից մեկը:

Հոբելայանական երեկոն բացահայտում էր ոչ միայն Լևոն Խեչոյան գրողին, այլև ազատամարտիկին՝ գրողի արցախյան պատերազմի մասին հուշագրերի ներկայացմամբ: Արձակագիր, զինվոր ու քաղաքացի  Լեւոն Խեչոյանի առաջին գիրքը` «Խնկի ծառերը», լույս է տեսել 1991 թվականին: Նրա վերջին` «Մհերի դռան գիրքը» վեպի ազդօրինակը լույս տեսավ գրողի մահվանից տառացիորեն մեկ շաբաթ առաջ:

Կարդացեք նաև

Back to top button