
Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում «Ալ-Կաիդան Իսլամական Մաղրիբում» խմբավորման գրոհայինները հարձակվել են հյուրանոցներից մեկի վրա և պատանդ վերցրել մարդկանց, տեղեկացնում է TASS-ը: Գրոհայինները սպանել են առնվազն 20 մարդ: Հյուրանոցի գրոհի ընթացքում ուժային ստորաբաժանումները 63 պատանդների են ազատել, հայտնում է գործակալությունը:
Ավելի վաղ այդ աֆրիկյան պետության կապի նախարար Ռեմի Ֆյուլգանս Դանջինուն հայտնել էր 33 մարդու ազատելու մասին: Ազատված պատանդներից մեկն էլ երկրի նախարարներից մեկն էր:
Բուրկինա Ֆասոյի իրավապահներին աջակցում են ֆրանսիական ու ամերիկյան մասնագետները: Գրոհը սկսելուց անմիջապես հետո ուժայինները պայթուցիկ նյութեր էին կիրառել, ինչի հետեւանքով առաջին հարկում հրդեհ էր սկսվել:
Անհայտ մարդիկ ուրբաթ գրոհել էին սրճարանի վրա, իսկ հետո պատանդներ վերցրել Ուագադուգուի Splendid հյուրանոցից, որտեղ հաճախ օտարերկրացիներ են բնակվում, այդ թվում ՄԱԿ-ի աշխատակիցներ: Հարձակման զոհ են դարձել առնվազն 20 մարդ, եւս 15-ը տուժել են:
Հարձակման համար պատասխանատվություն էր ստանձնել «ԱԼ Կաիդան իսլամական Մահրիբի երկրներում» ահաբեկչական կազմակերպությունը:




