
Իրաքի պաշտպանության նախարար Հալիթ ալ Ուբեյդին հայտարարել է, որ իրենք երբեք չեն համակերպվի Իրաքի տարածքում թուրքական զորքերի ներկայության հետ: Թուրքական haberler կայքի փոխանցմամբ, Իրաքի պաշտպանության նախարարը նշել է, որ Թուրքիան, առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության երկիր զորք մտցնելով, խախտել է Իրաքի ինքնիշխանությունը: Նա հավելել է, որ այդ քայլը չի տեղավորվում միջազգային իրավունքի շրջանակներում:
«Երբեք չենք ընդունի թուրք զինվորների ներկայությունը Իրաքի տարածքում»,- ասել է ալ Ուբեյդին: Նշենք՝ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին թուրքական զորաջոկատները առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության, ներխուժել են Իրաքի Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան ու հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում:




