ՄշակույթՑեղասպանություն 100

Ինչու էր լռում Կոմիտասը. «Վարդապետի լռություն»-ը ֆիլմը՝ մեծ էկրաններին

lilitmuradyan
«Կոմիտասը լռեց, որ աշխարհը մի օր խոսի…». այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի ցուցադրությունը, որին հաջորդել է ֆիլմի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի եւ ֆիլմի դերակատարների մամուլի ասուլիսը: Ֆիլմը ներկայացնում է Կոմիտասի Մեծ լռությունը եղերական 1915-ից հետո։ Կինոնկարի պրեմիերան կայանալու է վաղը:

«Առանց ֆիլմի մասին խոսելու, լուռ ու մունջ, շուրջ մեկ տարի մեզ նվիրեցինք «Վարդապետի լռությունը» ֆիլմի ստեղծման աշխատանքներին: Ֆիլմը տարբերվում էր նախկինում ստեղծած շուրջ երկու տասնյակ ֆիլմերից. այն պարտավորեցնող էր, քանի որ գործ ունենք մի հայի հետ, ով մեզ ուղեկցում է մեր կյանքի ողջ ընթացքում, մի հայի հետ, ով մեր ազգի խիղճն է», -այսօր ֆիլմի փակ ցուցադրությանը հաջորդած մամուլի  ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի սցենարի հեղինակ եւ գլխավոր ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը:

Կոմիտասին ամեն հայ կրում է իր մեջ, եւ ռեժիսորի խոսքով՝ իրեն սարսափելի տագնապ էր համակել, որովհետեւ պետք է ներկայացներ իր սրտի Կոմիտասին: Արդյո՞ք հաջողվեց ստեղծել այն գործը, որին ձգտում էր, լրագրողի հարցին ի պատասխան՝ ռեժիսորն ասաց, որ իր ստեղծագործական կյանքում սովորաբար անում է այն ամենը, ինչ ուզում է. «Ինձ դա հաջողվում է»,- վստահեցրեց Չալդրանյանը՝ նշելով նաեւ իր շուրջը նվիրյալ եւ տաղանդավոր մարդկանց համախմբելու կարողության մասին: Ինչ ուղերձ է հղում ֆիլմը Վիգեն Չալդրանյանն է բացատրում.

«Կոմիտասը կենդանի է, մենք պետք է մեր հոգիներում արթնացնենք, պետք է հասկանանք, թե ումից ենք հեռացել, ինչ ենք որդեգրել՝ հեռանալով Կոմիտասից»:

Կոմիտաս նկարելու համար հասունացում էր պետք, անկեղծանում է ռեժիսորը, ով դեկտեմբերի 26-ին նշում է իր 60 եւ ստեղծագործական գործունեության 40 ամյակը:

Ֆիլմը Կոմիտասի մասին է, սակայն գլխավոր դերակատարը գրողն է՝ Էդգար Նովենցը: Մտասևեռված լինելով  «Վարդապետի լռությունը»  վեպի ստեղծման վրա՝ հերոսը ինքն է անցնում իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը՝ վեր հանելով Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանում մեծ հայ կյանքի վերջին տարիների առեղծվածը:

Գլխավոր դերակատար Վարդան Մկրտչյանի խոսքով՝ այս դերն իր համար սպասված երեխայի պես էր ու միշտ կկարոտի մտավորականի այն տեսակին, որի կարիքը կա մեր օրերում:

«Վարդապետի լռություն»-ը ոչ միայն հայերի, այլեւ օտարերկրացիների համար է, ասում է ռեժիսորը: Թերեւս հենց այդ պատճառով ֆիլմը կմասնակցի շատ փառատոների, կներկայացվի նաեւ «Օսկարի», ասաց «Շարմ հոլդինգի» ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում: Ֆիլմի բյուջեն կազմել է 85 միլիոն դրամ:

Back to top button