

Ընտանեկան բռնության հարցերով զբաղվող ամերիկացի փորձագետ-ոստիկաններն այսօր Երեւանում պետական պաշտոնյաների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացրել են քննարկում: Այն ընտանեկան բռնության դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու հերթական քայլերից է: Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ բռնությունը թույլ չի տալիս, որ քաղաքացիները լիարժեք մասնակցություն ու ներդրում ունենան իրենց ընտանիքի, համայնքի, երկրի եւ պետության տնտեսական, քաղաքական եւ սոցիալական կյանքում: Փոխդեսպանի խոսքով, ինչպես ԱՄՆ-ում այնպես էլ Հայաստանում իրենք ընտանեկան բռնությունը դիտարկում են ազգային անվտանգության տեսանկյունից:
ԵԱՀԿ-ի կողմից վերջերս անցկացված ուսումնասիրության տվյալներով Հայաստանում հարցվածների 60 տոկոսը, հիմնականում՝ կանայք, նշել են, որ կյանքի ընթացքում իրենց նկատմամբ ընտանեկան բռնության առնվազն մեկ ձեւ կիրառվել է: Աշխատաժողովի մասնակիցները քննարկումների ընթացքում դիտարկում են այն ուղիները, թե ինչպես հասարակության բոլոր օղակները կարող են աշխատել միասին՝ այդ թիվը կրճատելու նպատակով:
Լաս Վեգասի ոստիկանության սպա Քելլի Մքմահիլն ասաց, որ իր կարծիքով, Հայաստանում խնդիրը օրենսդրության մեջ է, քանի որ չկա որոշակիորեն հստակ օրենք, որի հիման վրա ոստիկանները կարող են արձագանքել եւ քրեական հետապնդում իրականացնել՝ ընտանեկան բռնությունների համար, բացառությամբ, իհարկե, մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով հետապնդում իրականացնելու: Ամերիկացի փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանում նաեւ կա բավարար չափով նման հանցագործությունների մասին հաղորդագրություն չներկայացնելու խնդիրը:
Օրենսդրության պակասը որպես ամենակարեւոր խնդիր ներկայացրեց նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը: Նրա տեղեկացմամբ՝ կա ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենքի նախագիծ, սակայն, երկար տարիներ է, ինչ այն տրամաբանական ավարտին չի հասցվում:
Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսի խոսքով՝ ընտանեկան բռնությունների դեմ պայքարը լրջագույն առաջնայնություն է:
«Մենք կարծում ենք, որ ընտանեկան բռնության դեմ պայքարը նպաստում է ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում: Շատ կարեւոր է, որ այդ ուղղությամբ միասին աշխատեն քաղաքացիական հասարակությունը, տուժողները, ոստիկանությունն ու իրավապաշտպանները»:
Հայաստանի Քննչական կոմիտեում ստացվող բողոքների հիման վրա հարուցված գործեր լինում են, սակայն, Արթուր Ղամբարյանի փոխանցմամբ, դրանք շատ հաճախ կարճվում են, քանի որ բողոքող կողմը հաշտվում է: Սա կրկնվող երեւույթ է: Քննչական կոմիտեն ունի տվյալներ, որ բռնությունները պարբերական բնույթ են կրում: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ տրվել է հանձնարարական, որ անգամ հաշտության դեպքում, կոմիտեն կարող է շարունակել նախաքննությունը՝ հետագայում ավելի ծանր հանցագործությունները կանխելու համար:
Ընտանիքի ներսում կատարված բռնությունները, որոնք պատշաճ արձագանք չեն ստանում պետության կողմից, հետագայում վերածվում են ավելի ծանր հանցագործությունների՝ առայժմ այսպիսին է Քննչական կոմիտեի ներկայացուցչի դիտարկումը:




