

«Քաղաքացի դիտորդ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր որպես դիտորդ առավոտից շրջում են ընտրական տեղամասերում, արդեն արձանագրել են որոշակի խախտումներ: Ժամը 10-ից 11, օրինակ՝ արձանագրել են 8 ուշագրավ փաստ: Ժամը 10:18-ին 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը այցելել է 30/28 եւ 30/05 տեղամասեր եւ ահաբեկել է «Քաղաքացի դիտարդ» նախաձեռնության դիտորդներին, այն բանից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ է արել ընտրողների գրանցամատյանից:
Սպառնացել է, որ նրան կձերբակալեն, ինչից հետո ստիպել է պատռել գրառումները:
10:27-ին Արաբկիրի թիվ 4/13 տեղամասից Կարեն Թովմասյանն ահազանգել է բառացիորեն հետեւևյալը «Լրացուցիչ ցուցակներով գալիս են կնանիք երկրի չորս կողմերից, բոլորը տեղեկանքներով, ոնց էլ իրար գտել են…200 հոգի տենց ունեմ մոտս»:
Ժամը 10:30 թիվ 9/27 տեղամասում ընտրողների համար նախատեսված ցուցակը, որտեղ ստորագրում են քվեաթերթիկը ստանալուց առաջ, արդեն էջեր կան, որ լցված էին արդեն ժամը 9-ի դրությամբ։ Լրագրողի հարցին, թե էդքան ընտրող չկա դեռ, չեն պատասխանում, իսկ թե ինչու չկա դրանց առջեւ հանձնաժողովի անդամի ստորագրությունը, կինը ասում է` մոռացել եմ ու ազատ ժամանակ ստորագրում է նրանց փոխարեն։
10:44-ինթիվ 08/27 տեղամասում հանձնաժողովի նախագահը հայհոյել է դիտորդին: Իսկ 10:45-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները ահազանգել են, որ 14/14 եւ 14/15 տեղամասերում լցոնում է տեղի ունեցել մոտավորապես 10:30-ին:
Իսկ ահա 10:49-ին կրկին ահաբեկել են դիտորդի: 30 ընտրատարածքային հանձնաժողովի անդամներ Կարեն Գրիգորյանը եւ Արտյոմ Աբրահամյանը (Լոռու մարզի սոցապ բաժնի իրավաբան` ըստ նախնական տեղեկությունների) այցելել են 30/14 տեղամաս եւ ահաբեկել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդին, այն բանից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ է արել ընտրողների գրանցամատյանից: Սպառնացել են, որ նա քրեական պատասխանատվության կենթարկվի եթե շարունակի գրառումներ անել:
10:59 – Ահազանգ է եղել ստացավ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության երիտթեւի ներկայացուցիչ Վիգեն Դավթյանից այն մասին, որ Քասախում տեղակայված 6/25 ընտրատեղամասում լցոնումներ են արվել: Դավթյանի խոսքով՝ լցոնում է արել 6/25 ՏԸՀ նախագահ Նարեկ Մկրտչյանը, իսկ ծրարները կնքել է հանձնաժողովի անդամներից մեկը:
Վիգեն Դավթյանը լցոնումներով արկղը կոտրել է: Տեղամաս են ժամանել թիվ 6 Ընտրատարածքային ընտրական տեղամասի ներկայացուցիչները եւ ջարդած արկղը փոխել նորով: Ըստ ահազանգի հեղինակի՝ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հրաժարվել են քվեատուփում առկա քվեաթերթիկները հաշվել եւ համեմատել ընտրական ցուցակում առկա ստորագրությունների հետ:
Վիգեն Դաթյանը հաղորդում է տվել հանցագործության մասին: ՏԸՀ-ում կազմվել է համապատասխան արձանագրություն: Վիգեն Դավթյանը Past.am-ին նաեւ տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամները բոլորը Քասախի գյուղապետարանի անդամներն են, որոնք կատարում են գյուղապետի հրահանգը: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀԿ-ական, գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարն է, Քասախի գյուղապետի եղբորորդին:
Իսկ 10:55-ին 34/28, Գյումրու թիվ 6 դպրոցի տեղամասում ակնհայտ քարոզ է տարվում «այո» քվեարկելու օգտին:




