Միջազգային

Չեռնոգորիային պաշտոնապես հրավիրեցին ՆԱՏՕ.դաշինքը կվերականգնի նաեւ հարաբերությունների Մոսկվայի հետ

marlenahovsepyan

Չեռնոգորիային պաշտոնապես հրավիրեցին ՆԱՏՕ

Չեռնոգորիային պաշտոնապես հրավիրեցին ՆԱՏՕ: «ՆԱՏՕ-ն ընդունել է պատմական որոշում. մեկնարկում են  Չեռնոգորիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ Բրյուսելում, կառույցի կնետրոնակայանում, գումարված անդամ երկների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Հայտարարությունը ներկաներն ընդունել են  ծափահարություններով, փոխանցում է Reuters գործակալությունը: Չերնոգորիան կդառնա ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը, գործընթացը տրամաբանական ավարտին կհասնի 1.5 տարուց:

Չեռնոգորիային ՆԱՏՕ հրավիրելու փաստին արձագանքել է Կրեմլը:«Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումը դեպի արևելք չի կարող չհանգեցնել Ռուսաստանի պատասխան քայլերի»,- նախազգուշացրել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա ընդգծել է, որ Մոսկվան բազմիցս նախազգուշացրել է. ՆԱՏՕ-ի ընդլայնումը կստիպի ռուսական կողմին ապահովել իր անվտանգությունը: «Ռիա-նովոստի» գործակալության փոխանցմամբ, միաժամանակ Պեսկովը նշել է, որ դեռևս վաղ է խոսել պատասխան քայլերի մասին, առաջիկայում Կրեմլը թեմայի վերաբերյալ պաշտանական հայտարարություն չի անի:

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ դեմ է Չեռնոգորիայի անդամակցությանն ու առհասարակ դաշինքի ընդլայնմանը: Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարում է լուրջ հարված դաշինքի հետ Ռուսաստանի առանց այդ էլ լարված հարաբերություններին, ինչպես նաև եվրաատլանտյան անվտանգության գործող համակարգին: Ռուսաստանի արտգործնախարարությունը ավելի վաղ  ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների նամակ էր հղել՝ նախազգուշացնելով, որ նախկին հարավսլավական հանրապետության անդամակցությունը դաշինքին կհանգեցնի Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա վատթարացմանը:

Սթոլթենբերգն այսօրվա իր ելույթում ընդգծել է. Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառապես այդ երկրի եւ դաշինքի գործն է:

ՆԱՏՕ-ն պատրաստ է վերականգնել հարաբերությունները ՌԴ հետ

Յենս Սթոլթենբերգն այսօր արել է ևս մեկ ուշագրավ հայտարարություն. նա ասել է, որ դաշինքը պատրաստ է կրկին ստեղծել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ՝ վերսկսելու Մոսկվայի հետ շփումները: «Մենք կքննարկենք Ռուսաստանի հետ համագործակցությունը վերականգնելու հնարավորությունները, առաջիկայում կորոշենք Ռուսաստան -ՆԱՏՕ խոհրդի նոր նիստի օրը»,- Սթոլթենբերգի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման օգտին էր հանդես եկել պաշտոնական Բեռլինը:«Մենք ապրում ենք լուրջ ռիսկերի ժամակաշրջանում, եթե կան հնարավորություննեը տեղեկատվության փոխանակման միջոցով նվազեցնել դրանք, ապա պետք է դա անել», հայտարարել էր Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նա ընդգծել էր, որ թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական օդանավի կործանումը ևս մեկ անգամ ապացուցում է. անհրաժեշտ է սերտ համագործակցություն:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-Ռուսաստան համագործակցությունը դադարեցվել էր ուկրաինական իրադարձություններից, մասնավորապես՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո:

Կարդացեք նաև

Back to top button