

Այսօր Թբիլիսիում չի բացառվում, որ լինի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սպասելի՞ է հանդիպում։
«Քանի որ հանդիպում է լինելու բազմակողմ ձևաչափով, չի բացառվում»,-ասել է Քոչարյանը: Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան առաջիկայում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպումից, փոխնախարարը նկատեց. «Ես բազմիցս հայտարարել եմ և նորից եմ ասում՝ ակնկալիքներ կարող են լինել մի դեպքում, եթե ադրբեջանական կողմը վերջ դնի իր այդ մոտեցմանը՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ։ Եվ երկրորդ՝ փորձի ուժի դիրքերից կորզել իր համար ավելի նպաստավոր լուծում։ Ես լուրջ ակնկալիքներ չունեմ, մյուս կողմից դա չի նշանակում, որ նմանատիպ հանդիպումները պետք չեն, նույնիսկ պատերազմող երկրների դեպքում լինում են հանդիպումներ, բանակցություններ»:
Շավարշ Քոչարյանն անդրադարձել է նաև հարցին, թե ինչպես կարող է անդրադառնալ ռուս-թուրքական հարաբերությունները Հայաստանի վրա.«Սա այն խնդիրն է, որ վերաբերում է մի կողմից մեր դաշնակցին, մյուս կողմից մեր անմիջական հարևանին, ուստի բնական է, որ պիտի ուշի-ուշով հետևենք այդ բոլոր զարգացումներին»:




