

Հայաստանի իշխանությունը նման է խիստ անարդյունավետ կենցաղով ապրող ընտանիքի, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համեմատություն է արել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը` նկատելով` այս ընտանիքն իր բոլոր ծախսերն անում է պարտքով, սեփական եկամուտները չեն ավելանում, իսկ վերցված վարկերն էլ պարզ չէ, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվում: Վիլեն Խաչատրյանը ներկայացրել է նաեւ իր մտահոգությունները սահմանադրական փոփոխությունների տնտեսական բաղադրիչի ու եկող տարվա բյուջեի ծախսային մի շարք հոդվածների մասով:
Հայաստանը շարունակում է վարել սխալ դրամավարկային քաղաքականություն, այսօր հերթական անգամ իր այս դիտարկմամբ լրագրողների հետ կիսվեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Սեփական այս հայտարարությունը տնտեսագետը հիմնավորւմ է մի շարք թվային փաստերով: Հայաստանն իր տարատեսակ ծախսերը փակելու եկամուտ չունի ու ստիպված դիմում է վարկեր վերցնելուն: Բայց ստացվում է, որ արդեն բոլոր հարցերն են լուծվում վարկով, այնինչ այդքան մեծածավալ վարկերով Հայաստանը չի կարողանում զարգացման քիչ թե շատ լուրջ ցուցանիշով ներկայանալ:
Սա նման է այն ընտանիքի օրինակին, է, երբ ամուսինը գումար չի վաստակում, բայց կինը որոշում է մեքենա գնել: Հայաստանի իշխանություններն էլ են այդպես, եկամուտ չունեն, բայց կառավարական օղակներին սպասարկող մենքենաների կազմն են բարելավում, սուբսիդիաներն են ավելացնում, փոխանակ գտնեն հոդվածներ, որոնց գծով կարելի է կրճատել ծախսերը կամ գոնե փոխեն ծախսերի ուղղությունը դեպի իրապես ավելի կարեւոր ոլորտներ:
«Միայն 2016-ին 14 մլրդ դրամով ավելացել են տրանսպորտային միջոցներ, դրանց առնչվող սարքավորումների ծախսերը: Սուբսիդավորելու են 89 մլրդ դրամով ավելի: Սա նշանակում է, որ դու մի շարք ոլորտներում նախատեսել ես մարդկանց գումարներ տալ»,- ասում է։
Վիլեն Խաչատրյանը մեկ այլ մտահոգիչ ցուցանիշ էլ է մատնանշում, այն, որ կառավարությունը շեղվում է իր սահմանած թվերից ու վերցնում նախատեսածից էլ շատ վարկ: 2015-ի սկզբին կառավարությունը հայտարարում էր 288 մլն դոլարի վարկ վերցնելու մասին: Այս տարվա առաջին ինը ամիսների կտրվածքով արդեն վերցրել է 360-380 մլն դոլարի նոր վարկ։ Տարեվերջին Հայաստանի արտաքին պարտքը կարող է ավելանալ 800 մլն-ից ընդհուպ մինչեւ 1 մլրդ դոլարով՝ նախատեսվածից գրեթե քառակի ավելի: Գուցե Հայաստանն առայժմ կարողանում է մարել այդ վարկերը, բայց արդեն անվստահելի վարկային գործընկեր դառնալու շեմին ենք մոտենում, ահազանգում է Վիլեն Խաչատրյանը:
Ըստ տնտեսագետի՝ ստացվում է զավեշտալի մի վիճակ. «Տնտեսական աճի 2.5 տոկոսը հավասար է 250-300 մլն դոլարի: Մենք վերցրել ենք ավելի շատ պարտք, քան մեր տնտեսական աճի ցուցանիշն է: Նույնն է, որ ձեզանից մեկը 10 հազար դոլարի վարկ վերցնի ու հպարտանա, որ ինքը 1000 դոլարի վարկ ունի»:
Մեր բյուջեն ի սկզբանե սոցիալական ուղղվածություն ունի, քանի որ դրանով ամենամեծ ծախսերը սոցիալական ոլորտին են ուղղվում` ավելի քան 400 մլրդ դրամ: Բայց սա չի նշանակում, որ մենք կարողանում ենք անհրաժեշտ ծավալի միջոցներ ուղղել սոցիալական խնդիրները պատշաճ կերպով լուծելու համար, ասում է տնտեագետը: «Սա խոսում է այն մասին, որ մեր բյուջեի սոցիալական մեծ բլոկն ունենալն էլ դեռեւս չի նշանակում մեր երկրում առլա սոցիալական խնդիրների լուծում»։
Վիլեն Խաչատրյանը լուրջ մտահոգություններ ունի նաեւ Սահմանադրական փոփոխությունների տնտեսական բաղադրիչի մասով: Փոփոխությունները ենթադրում են ահռելի մի աշխատանք` շուրջ 300 օրենքի վերանայում ու համապատասխանեցում: Նախ` սրանք ճիշտ ժամանակին չեն, ասում է, մինչեւ 2017-18 թվականները դեռ մի շարք անցումային դրույթներ ունեինք անցնելու: Իսկ այս պարագայում ցանկացած ներդրողի համար այս փոփոխությունները ներկայացնում են որոշակի անորոշություն եւ ռիսկ, ինչը իր հերթին նվազեցնելու է առանց այն էլ կտրուկ կրճատված ներդրումները: Մարդը չգիտի` իրեն ինչ է սպասվում, ռիսկի չի դիմում եւ վերջ:
Վիլեն Խաչատրյանը համոզված է`սահմանադրական փոփոխություններն ուղղակիորեն ազդելու են տնտեսական աճի վրա` կասեցնելով այն: «Ազդելու է նրանով, որ մեր երկրում առաջիկա 2-3 տարիներին պահպանվելու է այս վիճակը, եթե, իհարկե, ավելի չվատանա»։




