
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր
Այսօր ավարտվեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: Պատգամավորները այսօր շարունակեցին նախօրեին մեկնարկած հարկային նոր փաթեթի քննարկումը: Ինչպես նշեց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, կառավարության այս նախաձեռնությամբ սկիզբ է դրվում հարկային և մաքսային քաղաքականության զարգացման նոր փուլին:
Մինչ հարկային փաթեթի քննարկմանը անցնելը Ազգային ժողովում կայացավ նախորդ օրը քննարկված օրինագծերի քվեարկությունը: Բոլորը, բացի «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցակցության պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին» օրենքի նախագծից ընդունվեցին: 36 կողմ, 61 դեմ և 11 ձեռնպահ ձայների արդյունքով տապալված օրինագծի նախաձեռնողը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցությունն էր։
Այնուհետև Ազգային ժողովը վերսկսեց 7 օրինագծից բաղկացած հարկային բարեփոխումների օրենսդրական փաթեթի քննարկումը` առաջին ընթերցմամբ։ Այն նախատեսում է շրջանառության հարկի ներդրում, որը որոշակիորեն հիշեցնում է մինչ 2009 թվականը գործող պարզեցված հարկը: Նոր հարկատեսակի հաշվետվությունները կկրեն եռամսյակային բնույթ, նշեց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:
Շրջանառության հարկը առեւտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին եւ (կամ) շահութահարկին փոխարինող ուղղակի հարկ է: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունը ընդունվում է 40 տոկոս: Կառավարությունը նախատեսում է շրջանառության հարկը ներդնել արդեն 2013 թվականի հունարի 1-ից:
Ինչքանով է նոր շրջանառության հարկը: Այս հարցի պարզաբանմամբ խորհրդարանի ամբիոնից հանդես եկավ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Ըստ նրա՝ կառավարությունը վերադարձնում է պարզեցված հարկը` նոր անվան տակ:
Հիմնականում տարաձայնություններ կան դրույքաչափերի շուրջ, և այս հարցի շուրջ օրենսդրի և գործադրի միջև ընթանում են ակտիվ խորհրդատվություններ: Այս հանգամանքը բացատրվում է նաև պատգամավորների շրջանում գործարար որոշակի շահերի առկայությամբ, ինչի մասին ակնարկեց Վարդան Այվազյանը:
Փաթեթի շուրջ տեղի ունեցած քննարկումներին ադրադարձավ և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որի համար անընդունելի է հարկային բեռի ավելացումը:
Նոր հակատեսակի շուրջ իր դիտարկումները հայտնեց և դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորը մտահոգություն հայտնեց հարկի շուտափույթ ներդրման համար, ինչը կարող է շփոթությունների առիթ դառնալ գործարար միջավայրում: Ըստ նրա՝ անհրաժեշտ է մինչև օրենքի գործողությունը 6-ամսյա շրջան սահմանվի:




