

Ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի մեկտեղումն արդյո՞ք հարաբերությունների բարելավում է խոստանում միմյանց հետ սառը պատերազմի դուրս եկած կողմերի` Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ: Արդյոք Մեծ քսանյակի հանդիպման շրջանակներում Պուտին-Օբամա դեմ առ դեմ զրույցին կարող է հաջորդել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մեղմումը: Ակնկալիքներն ու կանխատեսումներն այս դեպքում զգալիորեն տարբեր են:
Լրատվամիջոցներն այս օրերին նորանոր դեպքերի մասին են հաղորդում, երբ ահաբեկչության սպառնալիքի կամ տեղեկության պատճառով հետաձգվում են այս կամ այն մշակութային-սպորտային խոշոր իրադարձությունները, կարեւոր այցերն ու հանդիպումները: Վերջին օրերին պարբերաբար առիթ է լինում խոսելու նաեւ ինքնաթիռների ուղղություններն արդեն թռիչքի ժամանակ փոխելու ահրաժեշտության մասին:
Լեհաստանից Եգիպտոս թռչող ուղևորատար օդանավը երեկ արտակարգ վայրէջք կատարեց Բուրգասի օդանավակայանում՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Փարիզից ԱՄՆ թռիչք իրականացնող Air France ավիաընկերության երկու ինքնաթիռեր ստիպված եղան փոխել ուղղությունը՝ պայթյունի սպառնալիքի պատճառով: Օդանավերը բարեհաջող վայրէջք կատարեցին, սակայն սպառնալիքի վտանգի հետ հաշվի նստել հնարավոր չէ: Ահաբեկչության դեմ պայքարի ելած խոշոր երկրների ղեկավարների մակարդակով արդեն հայտարարվում է դրան նոր թափ հաղորդելու հստակ քայլերի մասին: Ուշագրավ է, որ Ռուսաստանը, չնայած արեւմտյան պատժամիջոցներին, մեկտեղում է ջանքերը Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ: Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում Պուտին-Օբամա դեմ առ դեմ զրույցը բուռն քնարկումների առանցքում էր: Նկատենք, որ հանդիպումից անմիջապես հետո` վերադառնալուն պես, ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահը պաշտոնապես հայտարարեց` Եգիպտոսից Ռուսաստան ուղևորվող A321 օդանավը կործանվել է ահաբեկչության հետևանքով: «Պայքարն անզիջում է լինելու», — Վլադիմիր Պուտինի հայտարարությունն էր:
«Գտնել ու պատժել հանցագործներին: Մենք պետք է դա անենք առանց վաղեմության ժամկետի, իմանանք նրանց անուն առ անուն: Մենք նրանց կփնտրենք ամենուր, ուր էլ թաքնվեն: Մենք կգտնենք նրանց մոլորակի ամեն կետում ու կպատժենք»:
Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատում է` որ դա ահաբեկչություն է, մինչ G20-ն էլ գիտեին: «Բայց այս կամ այն պատճառով նպատակահարմար գտան հենց այդ հանդիպումից հետո վերադառնալ ու անցնել կտրուկ գործողությունների»:
Ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի միավորումն արդյոք ենթադրում է նաեւ Ուկրաինայի ու Ղրիմի իրադարձությունների բերումով Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցների մեղմում: Հարցը միանգամից սկսեց հետաքրքրել ոչ միայն լրատվական, այլեւ վերլուծական շրջանակներին:
Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեվիչսը, սակայն, շտապեց հայտարարել` չնայած Եվրամիության, ու առաջին հերթին Ֆրանսիայի հետ հակաահաբեկչական պայքարի ուղղությամբ կապերի ամրապնդմանը` ԵՄ-ն չի պատրաստվում վերանայել պատժամիջոցները: «Եվրոպական լիդերները չեն ցանկանում ստանալ Մոսկվայի օգնությունը Ուկրաինայի գնով»,-ձեւակերպել էր դիվանագետը: Ավելին, սանկցիաները շարունակելու անհրաժեշտության մասին իրենց համոզմունքով հեղինակավոր The Wall Street Journal-ի հետ զրույցում կիսվել էին նաեւ Բեռլինի, Լոնդոնի ու Փարիզի պաշտոնական շրջանակները ներկայացնող դիվանագետները: Որ պատժամիջոցների թեթեւացում սպասելի չէ, համակարծիք է նաեւ Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Գուցե կառավարելի քաոս ստեղծելու ու ահակեկչությունը խթանելու փոխադարձ մեղադրանքներն այժմ ետեւում մնան, իսկ հարաբերությունները որոշակիորեն թեթեւանան, ասում է Սերգեյ Մինասյանը: Ինչ վերաբերում է Հայաստանի ներգրավմանը հակաահաբեկչական պայքարին, ապա, քաղաքագետի դիտարկմամբ, մենք արդեն այս կամ այն կերպ ներքաշվել ենք դրանում այն առումով, որ Սիրիայում Ասադի կողմից հայազգի զինվորներ են կռվում:
Որ Երեւանի «Էրեբունի» կամ Ստեփանակերտի օդանավակայանները կարող են այդ նպատակներով ծառայեցվել, քիչ հավանական է, ասում է քաղաքագետն ու խոսքը շարունակում «բայց»-ով:
«Բայց եթե խոսքը գնա ինչ-որ ավելի լայն միջազգային կոալիցիայի մասին, եթե մենք ինչ-որ կերպ կարող ենք օգտակար լինել, ապա ինչո՞ւ ոչ»:




