Տնտեսական

Գյուղնախարար. Կոոպերատիվների ձեւավորումը կփրկի գյուղատնտեսությունը

lenabadeyan

Օրվա երկրորդ կեսին խորհրդարանի մշտական հանձնաժողովներում ներկայացվել է Բյուջե 2016-ի նախագծի գյուղատնտեսության, բնապահապանության եւ ջրային տնտեսության հատվածները: Պատգամավորների մի մասը դժգոհ է մնացել բյուջեի կառուցվածքից, ֆինանսների փոխնախարարին խորհուդ տվել ճիշտ օգտագործել գումարները՝ «թե չէ Հյուսիս- հարավ կառուցվող ճապարահով ի վերջո երթեւեկող մարդ այլեւս չի մնա»: Դժգոհություններին փոխնախարարը տվել է անկեղծ պատասխան՝ ունեցել են ընդամենը լրացուցիչ 64 միլիարդ դրամի հնարավորություն, որով կարող են այս կամ այն ոլորտում մի քիչ ավելի ֆինանսավորում տրամադրել: Գումարը մեծ չէ, ուստի ընտրել է պետք, թե որտեղ է նպատակային այն ծախսել:

 

2016-ի բյուջեով կառավարությունը նպատակադրվել է գոնե պահպանել 2015-ի մակարդակը գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային տնտեսության ոլորտներում:

Ի դեպ՝ գյուղատնտեսությունը Հայաստանում ՀՆԱ ձեւավորող ճյուղերից մեկն է: Այս ոլորտում առաջիկայում սպասվում են որոշ փոփոխություններ: Այդպես օրինակ՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացմամբ՝ <Կոպերացիայի մասին> օրենքի նախագիծն արդեն պատրաստ է եւ հավանաբար, մինչեւ տարեվերջ փաստաթուղթը կներկայացվի խորհրդարան:

Նախարարը համոզված է՝ կոոպերատիվների ձեւավորումը կփրկի գյուղատնտեսությունը, ուստի բոլոր ծրագրերում առաջնահերթությունը տրվելու է հենց կոպերատիվներին: Դա է նաեւ պատճառը, որ սուբսիդավորվող պարարտանյութից եւ դիզվառելիքից միջին եւ խոշոր հողօոգտագործողները չեն կարող օգտվել: 91 համայնքներում արդեն ստեղծվել են փորձնական կոոպերատիվներ եւ դրանց շնորհիվ է, ասում է նախարարը, որ 2010 թվականի համեմատությամբ այս տարի շուրջ 21 տոկոսով աճել է խոշոր եւ մոտ 27 տոկոսով մանր եղջերավոր անասունների գլխաքանակը:

Ինչ վերաբերում է բնապահպանությանը, ապա Սեւանա լճի մաքրման համար պետությունը հաջորդ տարի կհատկացվի 125.4 մլն դրամ: Արդեն ընթացքի մեջ է նաեւ Սեւանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի ձեւավորման ծրագիրը:

Back to top button