
տեղադրված է ժամը 15։00- ին
լրացված է ժամը 17։53- ին


ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ` Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում պետք է ձևավորվեր երկպալատ խորհրդարանական կառավարման համակարգ: «Եթե մենք Սահմանադրական փոփոխություններից հետո ունենայինք երկպալատ խորհրդարան` Սենատ և Ազգային ժողով, ապա ես կասեի շատ լավ, մենք ունենք հակակշիռ։ Սակայն, ներկայացված փաստաթղթով, մենք ունենալու ենք միապալատ խորհրդարան` կայուն քաղաքական մեծամասնությունը ապահովելուն ուղղված կրկնակի ընտրությունների հնարավորությամբ, ինչն էլ երկիրը կարող է հանգեցնել բռնապետության կամ ֆաշիստական ռեժիմի»:
Ի տարբերություն նրա՝ ԱԺ դաշնակցական պատգամավոր, նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանը կարծում է, որ նոր սահմանադրությունը նոր ճանապարհ, նոր դուռ է բացելու Հայաստանի նորմալ զարգացման համար: Նրա խոսքով՝ իրենց համար կարեւոր է նոր Սահմանադրության ընդունումը, բայց նաեւ կարեւոր է, որ այն ընդունվի հնարավորինս նորմալ հանրաքվեի միջոցով եւ ոչ թե կեղծիքներով, ինչը կրկին լեգիտիմության խնդիր կարող է առաջ բերել: Նրա խոսքով՝ 650 հազար ձայն հնարավոր է ապահովել նորմալ աշխատանքով:




