Տնտեսական

«Բյուջե 2016».կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացում չի ակնկալվում

lenabadeyan
Կառավարությունն այսօր խորհրդարանին է ներկայացրել հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Ներկայացված թվերից եւ քննարկումների ընթացքից արդեն պարզ է, որ առանձնապես սպասելիք պետբյուջեից 2016-ին չկա: Թեեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Աժ-ում հայտարարեց, որ երկրի գլխավոր փաստաթուղթի հիմքում դրվել են «իրատեսականության եւ կայունության սկզբունքները» եւ որ բյուջեն սոցիալական ուղղվածության է: Բայց որեւէ ուղղություններով բարձրացումներ չեն նախատեսվում: Այսինքն՝ կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացում ակնկալել պետք չէ:

«Հարկաբյուջետային ոլորտի զարգացումները ողջ տարածաշրջանում վկայում են մի բանի մասին՝ գլոբալ կառուցվածքային փոփոխությունների և լարված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճի և հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներով անմիջական բարելավումներ խոստանալն ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է: Բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ և միջազգային կառույցներ 2015 թվականի զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009 թվականների միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը»: 

Ավելի պարզ ասած բյուջեում ներկայացված թվերը 2016-ի Հայաստանի համար պատկերավոր ստեղծում են հետեւյալ վիճակը՝ Հայաստանը հետ է գնում 2010-ի՝ միջազգային տնտեսական հետճգնաժամական վիճակի: Հաջորդ տարվա համար կանխատեսվում է ընդամենը 2,2 տոկոս տնտեսական աճ: Համեմատության համար նշենք, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում արձանագրված է 3,6 տոկոսի աճ: Երկրի վարչապետի անկեղծ ուղերձը հանրությանը հետեւյալն է.

«Մենք նայում ենք խնդիրներին ոչ թե այսօրեական շահերի, այլ տնտեսության զարգացման հեռանկարի տեսակետից և հնարավորի սահմաններում ձգտել ենք երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամուտների գայթակղությունից»:

Ի դեպ՝ քննարկման ընթացքում պաշտոնյաներից որեւէ մեկն ուղիղ չասաց, որ Հայաստանի պետական պարտքը աճում է, նշվեց պարզապես, որ այն հասնելու է ՀՆԱ 50 տոկոսի շեմին: Բայց ուղղակի թվերը փաստում են՝ հաջորդ տարի էլ պետության պարտքը մեծանալու է: 2016 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝ եկամուտների գծով՝ 1.219.5 մլրդ դրամ՝առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի, ծախսերի գծով՝ 1.411.9 մլրդ դրամ ՝առանց միջբյուջետային փոխանցումների, դեֆիցիտը՝ 192.4 մլրդ դրամ:

Բյուջեով նախատեսվում է ավելի շատ գումարներ տրամադրել առողջապահությանը եւ կրթությանը: Հաջորդ տարվա բյուջեն պատգամավորների կողմից արդեն ենթարկվել է լուրջ քննադատությունների: Նշենք, որ փաստաթուղթը դեռ քննարկվում է Աժ-ի մշտական հանձնաժողովներում՝ ըստ ոլորտների առաջիկա մի քանի օրվա ընթացքում նմանատիպ քննարկումները դեռ շարունակվելու են: Միայն պատգամավորների առաջարկներից եւ փաստաթղթում որոշ փոփոխություններ անելուց հետո այն կրկին կներկայացվի խորհրդարանին՝ արդեն լիագումար նիստում հաստատման համար:

Back to top button