

Արդեն երկու տարի Արմավիրի մարզի Արմավիր գյուղում գործում է պահածոների արտադրամաս, որտեղ մթերվում է Արմավիրի տարածքի գյուղացիների աճեցրած բերքը: Մթերումը կազմակերպում է մայիսից մինչև դեկտեմբեր ամիս: Արտադրությունում զբաղված է մինչև 150մարդ՝ 100 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտադրվում է մոտ 45 տեսակի արտադրանք, որոնք ունեն իրենց մշտական շուկան:
Բերքառատ տարվա բերքահավաքը մոտենում է ավարտին: Գյուղացիների դժգոհությունը հիմնականում պայմանավորված է խաղողի և վարունգի բերքի իրացման հետ: Դռնից դուռ անցնելով ու իրացման ճանապարհ չգտնելով գյուղացիներն իրենց տարվա չարչարանքը լցրեցին ջուրը, ապրանքը փչացավ ու թափեցին: Արմավիրի մարզի վերամշակող ձեռնարկությունները սահմանափակ քանակությամբ բերք էին ընդունում՝ մի քանի ամիս վճարման պայմանով, առաջարկում էին նաև իրենց սահմանած գինը:
Տարաձայնություններից հետո Պռոշյանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում շատ ցածր գներով՝ մեկ կիլոգրամը 30-80 դրամով, մթերվում էր նաև խաղողի սեղանի սորտեր: Գործարանում արդեն երկու տարի բացվել է նոր արտադրամաս բանջարեղենի պահածոյացման նպատակով, որտեղ աշխատում է շուրջ 150 մարդ՝ երեք հերթափոխով: Պռոշյանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի պահածոների արտադրության պետ Աշոտ Հակոբյանը նշեց՝ ունեն 45 տեսակի արտադրանք:
Արմավիրի մարզի Էջմիածնի տարածքի վարունգ արտադրողները չունենալով շուկա, անելանելի վիճակում հայտնվելով՝ բերքը թողեցին դաշտերում: Նույն խնդիրն ունեին նաև սմբուկ աճեցնողները: Նախորդ տարիներին նրանք բերքը հանձնել են Էջմիածնի պահածոների գործարանում, որն այս տարի չգործեց: Պռոշյանի գործարանի Արմավիրի մասնաճյուղը կարողացել է աջակցել վարունգ և սմբուկ մշակողներին բերքի մթերման հարցում՝ Աշոտ Հակոբյանը պատասխանեց, որ աշխատել են միայն Արմավիր տարածքի գյուղացիների հետ, բայց այս տարի աջակցել են էջմիածինցիներին՝ ընդունելով մինչև 70 տոննա սմբուկ և վարունգ:
Արտադրամասում աշխատողները սեզոնային բանվորներ են, որոնց աշխատավարձը միջին հաշվով կազմում է 100 հազար դրամ: Արտադրության պետի խոսքերով գործարանում բերքը կմթերվի մինչև ցրտահարություն, որից հետո կսկսեն կաղամբի և սնկի պահածոյացումը:
Պահածոների արտադրությունը կդադրեցվի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում, սակայն քիչ թվով աշխատողներ նույնպես կլինեն, որոնք կզբաղվեն արտադրանքի փաթեթավորմամբ: Պատրաստի արտադրանքը արտահավում է Ռուսաստան, Ղազախստան, Մերձբալթյան երկրներ, Ամերիկա, ինչպես նաև վաճառվում՝ տեղական շուկայում:




