

Այս փուլում ուշադրության կենտրոնում Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունների բովանդակությունն է, նախագծում տեղ գտած դրույթների դրական ու բացասական կողմերը, նաև փաստաթղթի առաջիկա քվեարկությունը, որը նախատեսվում է Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 5-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում: Սակայն կա մի հարց, որը տեխնիկական է թվում , բայց պակաս կարևոր չէ. դրան Հայաստանը կբախվի սահմանադրական ծավալուն փոփոխությունների այս փաթեթն ընդունելուց հետո միայն: Խոսքը գործող օրենսդրությունը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու մասին է:
2005-ին, երբ ընդունվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը , 2 տարի ժամկետ սահմանվեց գործող օրենսդրությունը Մայր օրենքի նոր դրույթներին համապատասխանեցնելու համար: 2 տարվա ընթացքում այդ խնդիրը չլուծվեց: 2007-ից հետո իր բոլոր տարեկան հաղորդումներում Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ այս խնդրին, նշել, որ օրենսդրուրթյունը ոչ միայն ամբողջությամբ համապատասխանեցված չէ Սահմանադրությանը, այլև գործընթացը խիստ դանդաղում է: Տարիներ առաջ մի հետազոտությամբ պարզվել էր, որ իրավական ակտերի 2/3-ում հոդվածներ կան, որոնք հակասում են Սահմանադրությունը: Դրա արդյուքնում էլ ՍԴ-ն սկսել էր օրենքներում հակասահմանադրական այս կամ այն դրույթի առկայությունը փաստող այնքան որոշում կայացնել, որքան տարեկան կտրվածքով չի կայացնում որևէ այլ երկրի Սահամանադրական դատարան: Ընդամենը 2 տարի առաջ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը այդ առումով իրավիճակն աննախադեպ էր համարում:
Սահմանադրական փոփոխությունների այս փաթեթով համապատասխանեցման կոնկրետ ժամկետ չի նշվում : Նախագծի 16-րդ գլխում ամփոփոված են եզրափակիչ և անցումային դրույթները: Հենց այստեղ է տեղ գտել հետևյալ ձևակերպումը՝ Ազգային ժողովը ողջամիտ ժամկետում գործող օրենքները համապատասխանեցնում է Սահմանադրությանը: Ողջամիտ ժամկետ ձևակերպումը ՍԴ անդամ Կիմ Բալայանին առնվազն տարակուսելի է թվում:
Մասնագետներն, այսպես ասենք, թեահավատ են, որ Սահամանադրական բարեփոխումների ծավալուն փաթեթի ընդունումից հետո կհաջողվի օրնսդրության համապատասխանեցման բարդ աշխատանքը կատարել ողջամիտ ժամկետներում: Ապացույցը նախորդ հանրաքվեից հետո ստեղծված և մինչ այժմ չլուծված օրենսդրական իրավիճակն է: Հավելենք նաև, որ 2005-ի և այսօրվա փոփոխությունների ծավալները անհամեմատելի են: Այս անգամ խոսքը շատ ավելի մեծ դաշտի մասին է: Նկատենք, սակայն, որ մի շարք առանցքային հարցերի համար սահամանդրական փոփոխությունների նախագծի վերջին գլուխը կոնկրետ ժամկետներ է նշում:
Ընտրական օրենսգիրքն, օրինակ Սահմանադրությանը պետք է համապատասխանեցվի և ուժի մեջ մտնի 2016 թ. հունիսի 1-ից: ԱԺ կանոնակարգը, Կուսակցությունների և Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքները՝ մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանը: Մի շարք սահմանադրական օրենքներ էլ պարտադիր պայման ունեն ուժի մեջ մտնելու նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնման օրվանից: Այդ պահանջը կա, օրինակ, Դատախազության, Հեռուստատեսության և ռադիոյի, Վերահսկիչ պալատի և Կենտրոնական բանկի մասին օրենքների դեպքում: Իսկ ահա մյուս օրենքների կամ օրենսդրական դաշտի, այսպես ասենք, այսբերգի ոչ տեսանելի մասի համապատասխանեցումը, կմնա օրենսդիրների ողջամտությանը:




