Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Հանդիպումից առաջ Լավրովը նշել էր, որ մտադիր է Ռուբիոյի հետ քննարկել Վաշինգտոնի ներկայիս դիրքորոշումը ուկրաինական հակամարտության վերաբերյալ՝ ընդգծելով, որ երկխոսությունը ցանկացած դեպքում օգտակար կլինի։ Իր հերթին, Ռուբիոն հայտարարել էր, որ ցանկանում է պարզել՝ արդյոք Միացյալ Նահանգները ներկայումս կարող է կառուցողական դեր ունենալ ճգնաժամի կարգավորման գործընթացում։
Սա Լավրովի և Ռուբիոյի չորրորդ անձնական հանդիպումն է։ Վերջին անգամ նրանք բանակցել էին անցյալ տարվա սեպտեմբերի վերջին՝ Նյու Յորքում։
Ռուսական պատվիրակության կազմում են Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, արտաքին քաղաքականության պլանավորման վարչության տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը և Հարավարեւելյան Ասիայի պետությունների ընկերակցությունում՝ ASEAN-ում, Ռուսաստանի նախագահի մշտական ներկայացուցիչ Եվգենի Զագայնովը։
Ամերիկյան պատվիրակությանը միացել են քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերը և նախագահի հատուկ դեսպանորդ Սերջիո Գորը։
Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը։




