«Դուք ինձնից լա՞վ գիտեք, թե Իրանն ինչ է ուզում»
11 օր շարունակ ամերիկացիները հարվածներ են հասցնում իրանական ռազմական թիրախներին, Իրանն էլ, իր հերթին, հրթիռակոծում է տարածաշրջանում Ամերիկայի և նրա դաշնակիցների հենակետերն ու էներգետիկ օբյեկտները:
Առճակատումը դիվանագիտական եղանակով կարգավորելու փորձերը մնում են օդային գրոհների ստվերում: Կողմերից և ոչ մեկը նահանջելու նշան ցույց չի տալիս:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օվալաձև սենյակում լրագրողների հետ զրույցում պնդել է, որ այս պահին Իրանը պարտվում է, իրանական ռազմական կարողություններն ոչնչացվում են: Թրամփն ամիսներ շարունակ է դա պնդում, ամեն անգամ ասելով, որ Իրանն այլևս չունի հրթիռներ և անօդաչուներ, սակայն իրական պատկերն այլ է:
Ամեն օր իրանական ուժերը հարվածում են տարաբնույթ թիրախներին, և հրթիռների ամեն մի նոր արձակում ուղեկցում «Ալլահու Աքբա՛ր»՝ «Աստված մե՛ծ է» բացականչությունով:
Բոլորի ուշադրության կենտրոնում Հորմուզի նեղուցն է, որով խաղաղ ժամանակաշրջանում անցնում է հում նավթ կամ հեղուկացված գազ փոխադրող աշխարհի բեռնանավերի մեկ հինգերորդը:
Լրագողը Թրամփին ասել է, թե դատելով Իրանի գործողություններից, այդ երկիրը բնավ չի ուզում բանակցել, որն է ելքը՝ ռմբահարել մինչև կհանձնվի՞: Նախագահին այդ հարցը զայրացրել է։
«Դուք ինձնից լա՞վ գիտեք, թե Իրանն ինչ է ուզում, նրանք երազում են մեզ հետ հանդիպելու մասին, բայց քանի դեռ պատրաստ չեն ընդունելի առաջարկ անել, ես այդ հանդիպումով հետաքրքրված չեմ»,- ասել է ԱՄՆ ղեկավարը:
Պատերազմի գինն արդեն հասել է 37.5 միլիարդ դոլարի
Ապա Թրամփը կրկնել է հիմնական պահանջը և սպառնացել. «Իրանը հիմա չի կարող միջուկային զենք ստեղծել, դրա համար տարիներ կպահանջվեն, և մենք անպայման կխփենք, նրանք ակնարկում են նոր կենտրոն կառուցելու մասին՝ դրան էլ կհարվածենք, որևէ տեղ, նույնիսկ եթե մտքում կպատկերացնեն, թե այն կարող է դառնալ միջուկային զենքի ստեղծման կենտրոն՝ մենք կխփենք, և շատ ուժեղ կխփենք»:
Մինչդեռ, պատերազմը թանկ բան է: Պաշտպանության նախարար Փիթեր Հեգսեթը՝ Կոնգրեսում պատասխանելով օրենսդիրների հարցերին, խոսել է Իրանի հետ ռազմական արշավի գնի մասին:
Քննարկումը երկու անգամ ընդհատվել է: «Ո՛չ Իրանի պատերազմին» գրությամբ պաստառներով եկած ակտիվիստներին ոստիկանները դուրս են հանել դահլիճից:
«Այս պատերազմը հակաօրինական է, այնտեղ 90 միլիոն մարդ է ապրում, ձեր ձեռքերն արյան մեջ են թաթախված, բա՛վ է ռմբահարեք մեր երեխաներին Պաղեստինում և Իրանում, ամերիկացիները դա չեն ուզում»,- բղավելով ասել է ակտիվիստ կինը:
«Պատերազմի 5-րդ ամիսն է, դուք գիտե՞ք, թե ինչ գումար է արդեն ծախսվել, նոր թիվը կասե՞ք»,- հարցրել է դեմոկրատական սենատոր Դիք Դուրբինը:
«37 և կես միլիարդ դոլար, սենատոր»,- պատասխանել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
Պենտագոնը ևս 70 միլիարդ է ակնկալում
Սպիտակ տունը և Պենտագոնը հիմա ևս 70 միլիարդ են պահանջում, դրան վրդովմունքով է արձագանքել դեմոկրատական սենատոր Փաթթի Մյուրրեյը, որն ասել է, թե հինգ ամիս է նեղուցը փակ է, հրադադար չկա, պատերազմը դուրս է գալիս հսկողությունից: Սա կարող է վերաճել հերթական անվերջանալի պատերազմի:
«40 անգամից ավելի Թրամփը մեզ ասել է, թե համաձայնագիրը մոտ է, և պատերազմը շուտով կավարտվի։ Բայց հիմա նա ևս 70 միլիարդ դոլար է խնդրում։ Եվ ասում, որ եթե հավատանք նրան՝ ամեն բան լավ կլինի»:
Նախարար Փիթեր Հեգսեթի խոսքով, առանց այդ փողի զինված ուժերում լուրջ դեֆիցիտ կլինի:




